Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Դեկտեմբերի 13-ին` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում, ձեռամբ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի, քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 12 միաբան սարկավագ: Վրթանես սրբազանը սուրբ մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգեւոր նոր անուններ: Վաղինակ սրկ. Հովհաննիսյանը վերակոչվեց Տ. Վազգեն, Աշոտ սրկ. Սահակյանը` Տ. Հմայակ, Արմեն սրկ. Գեւորգյանը` Տ. Նաիրի, Արթուր սրկ. Ղազարյանը` Տ. Վիգեն, Սայադ սրկ. Պապայանը` Տ. Երվանդ, Արմեն սրկ. Նազարյանը` Տ. Եղիշե, Էդգար սրկ. Մազմանյանը` Տ. Զոհրաբ, Ստեփան սրկ. Շախկյանը` Տ. Դավիթ, Արամ սրկ. Ծատուրյանը` Տ. Անանիա, Արտակ սրկ. Նուրիջանյանը` Տ. Միքայել, Սամվել սրկ. Սաֆարյանը` Տ. Աշոտ, Արման սրկ. Գրիգորյանը` Տ. Հակոբ:

Այնուհետեւ ձեռնադրող սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` հորդորելով նորընծա քահանաներին նվիրվածությամբ եւ նախանձախնդրությամբ ծառայել իրենց կոչմանը, մայր Եկեղեցուն ու հայրենիքին:

Նույն օրը` երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ նորընծա քահանաների վեղարի տվչության արարողություն: Տ. Հակոբ, Տ. Անանիա, Տ. Հմայակ քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության շարքերը: