Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Հունիսի 2-ին, Փրկչի Համբարձման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կատարեց քահանայական ձեռնադրություն եւ օծում£
Պատարագիչ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ սարկավագների. սբ. մյուռոնով օծելով նորընծաների ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց հոգեւոր նոր անուններ: Կարեն սարկավագ Անանյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա, Արթուր սարկավագ Տիգրանյանը` Տ. Կոմիտաս քահանա, Համլետ սարկավագ Մովսիսյանը` Տ. Սիմեոն քահանա, Արմեն սարկավագ Սողոյանը` Տ. Մերուժան քահանա, Արթուր սարկավագ Հովհաննիսյանը ` Տ. Ստեփաննոս քահանա, Սուրեն սարկավագ Արաբյանը` Տ. Համբարձում քահանա, Էմին սարկավագ Խաչատրյանը` Տ. Թովմա քահանա:
Ավարտելով հընթացս պատարագի կատարվող ձեռնադրության կարգը` Սրբազան Հայրը դիմեց նորընծա քահանաներին` շնորհավորելով ձեռնադրության շնորհին արժանանալու առիթով: ՙԱյսօր ծնվեցին յոթ սպասավորներ մեր Ս. Եկեղեցու: Նրանք դարձան քահանաներ եւ Աստծո հոգին` ս. մյուռոնի դրոշմամբ, իջավ նրանց վրա: Նրանք կոչվեցին ծառայելու, Ս. Գիրքը քարոզելու, օժանդակելու բոլոր կարոտյալներին, մարդկանց մեջ սերը զորացնելու եւ դառնալու աղն ու լույսն այս աշխարհի, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է Ավետարանում: Այս տոնական օրը աղոթենք եւ մաղթենք, որ հայրերի ոգին, որոնց անունները ստացան այս քահանա հայրերը, միշտ նորոգի եւ ներշնչի նրանց` իրենց կյանքը զոհաբերելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու մեր ժողովրդին՚, - նշեց Սրբազանն իր խոսքում: Իր քարոզում Հովակիմ Սրբազանը նաեւ անդրադարձավ եկեղեցականի կոչմանը եւ կարեւոր առաքելությանը` պատգամելով քահանաներին իրենց հետագա ծառայության վայրերում ամրապնդել հայորդիների հավատը, վառ պահել նրանց սրտում սերը մեր Եկեղեցու հանդեպ, սերը ազգային արժեքների ու ավանդույթների հանդեպ:
Համբարձման տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաեւ 1441թ. Հայոց Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով Ս. Պատարագի ընթացքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգեւորականաց դասը եւ ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` առաքելահիմն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ լուսավորչահաստատ Հայրապետական Ս. Աթոռի անսասանության եւ պայծառության համար:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ վեղարի տվչության արարողություն: Նորընծաներից Տ. Համբարձում եւ Տ. Թովմա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը£ Արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Վեհարանում ընդունեց եւ իր հայրական պատգամն ու օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: