Ցուցահանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 25-ին, Մաjր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հին Վեհարանի շենքի ներքո «Հայաստան` երկիր դրախտավայր» խորագրով տեղի ունեցավ ուխտավոր լուսանկարիչ Տաթեւիկ Մելքոնյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի եկեղեցիներն ու սրբավայրերը պատկերող շուրջ 100 լուսանկարներ:
Միջոցառումը սկսվեց միասնական «Հայր մեր»-ով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Նորին Սրբության օրհնությունն ու բարեմաղթանքը, շնորհավորեց լուսանկարիչ Տաթեւիկ Մելքոնյանին առաջին անհատական ցուցահանդեսի բացման առիթով եւ անդրադարձավ եկեղեցիների եւ մեր սրբությունների ճանաչողության եւ պահպանման նշանակությանը յուրաքանչյուր հայորդու կյանքում: Տեր Ասողիկը շեշտեց, որ ոչ արհեստավարժ լուսանկարիչ Տաթեւիկ Մելքոնյանն իբրեւ ուխտավոր այցելել է եկեղեցական բազում սրբավայրեր եւ իր հոգու աչքերով տեսածի արդյունքն ենք վայելում այս բազում լուսանկարների միջոցով:
Այնուհետեւ ներկաներին դիմեց Մայր Աթոռի մշակութային բաժնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթեւոսյանը, ով հորդորեց ներկաներին անպայման այցելել մեր սրբավայրերը եւ հաղորդ դառնալ մեր նախնիների թողած հարուստ մշակութային ժառանգությանը: Նույն հորդորն ուղղեց ներկաներին նաեւ Մայր Աթոռի «Խրիմյան» թանգարանի պատասխանատու, արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Վերջում իր երախտագիտության եւ շնորհակալական խոսքն ասաց ցուցահանդեսի հեղինակը:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկավ «Լույս» վոկալ կվինտետը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 29-ը: