Ցավակցական գիր Շենուդա Գ Պատրիարքի մահվան առիթով
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ղպտի քրիստոնյաներին Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Պատրիարքական տեղապահ, Էլ Բեհեյրա Դամանհուրի Պախոմիուս միտրոպոլիտին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է.
Արդարև, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, ինչպես նաև ողջ Քրիստոնյա աշխարհը կորցրեց ՙքաջ հովվի՚, ով ավելի քան չորս տասնամյակներ խորը և անմնացորդ նվիրումով իր հովվապետական առաքելությունն էր իրականացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցում: Երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ առաջնորդեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին թե° դժվարին ու անհանգիստ, և թե° խաղաղ ժամանակներում: Նրա ջանքերի շնորհիվ Ղպտի Եկեղեցին վերածնունդ ապրեց:
...Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին՚:
Մարտի 20-ին, Շենուդա Գ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Մարտի 21-ին, ժամը 1600-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Ղպտի Եկեղեցու երանաշնորհ հովվապետի հոգու խաղաղության համար: