Ցավակցական գիր Իգնատիոս Դ Պատրիարքի մահվան առիթով
Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին` Անտիոքի և Համայն Արևելքի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Իգնատիոս Դ Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Հայրապետական ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայեց Սիրիայի Եկեղեցուն և քրիստոնեական ամուր առաջնորդության օրինակ դարձավ հատկապես Մերձավոր Արևելքի ընթացիկ ճգնաժամի պայմաններում:
Իգնատիոս Պատրիարքը մեծ հաջողությունների հասավ Անտիոքի Պատրիարքության հոգևոր կյանքի վերանորոգության գործում, և նրա ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց արձանագրվեց ուղղափառ երիտասարդ սպասավորության զարգացման, նոր աստվածաբանական հաստատությունների բացման, ինչպես նաև միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների զարգացման մեջ:
…Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արքայության մեջ և հայցում Ամենակարողին, որ խաղաղություն պարգևի Սիրիայի ժողովրդին քաղաքակական անկայունության և քաղաքացիական պատերազմի այս դժվարին օրերին»: