Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը 02.06.2015
Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը

 

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:
Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք, ուր հավատավոր ժողովրդի օրհնության համար տարվում էր նաև սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանեի վանահոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:

Պատարագի ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Գայանյանց տոնի խորհրդին` ընդգծելով. «Սուրբ Գայանյանք զորացյալ հավատքով հակառակվեցին անաստվածությանը. լուսավորյալ էր նրանց հոգին, նրանց համար կյանքը Քրիստոսով էր լեցուն, և մեռնելը շահ էր, քանի որ գիտեին` մահվանից հետո պետք է ձեռք բերեն այն արդյունքները, որոնք իրենց նվիրյալ կյանքի շնորհիվ կուտակել էին երկնային արքայության մեջ: Մահը սարսափելի է, երբ մենք այս կյանքն Աստծուց հեռու ենք ապրում, մահը կարող է մուտք դառնալ երկնային արքայություն, եթե մենք մեր կյանքն ապրել ենք Տիրոջ կամքի և պատվիրանապահության մեջ: Ս. Գայանյանց նահատակությունը մեզ պատգամ ունի փոխանցելու»:

Հայր Խաչատուրը նաև նշեց, որ այսօր նահատակության կարիք չկա, սակայն հարկ է այդ ոգով ու նվիրումով քրիստոնեական արժեքները սերմանել հասարակական կյանքում: Պատարագիչ Հայր Սուրբը հորդորեց ներկաներին նմանվել նահատակ սրբուհիներին, ովքեր իրենց հավատքն ու հոգին բարձր դասեցին իրենց կյանքից, և ապրելով Տիրոջ երկնային սիրով` սուրբ Գայանյանց նմանությամբ արժանանալ Աստծու օրհնությանն ու շնորհներին:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն: