Տեղի ունեցավ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում

Տեղի ունեցավ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում 27.04.2010

Իրադարձությունների տեսանյութ

Ապրիլի 26-ին, Բաքվում, տեղի ունեցավ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում` մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի:

Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչված հարցեր:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը ստորագրեցին համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հանուն Ամենազոր Արարչի, ի կատարումն մեր ժողովուրդների խաղաղության, բարօրության եւ երջանկության նվիրական երազանքների, մենք` ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի բարձր միջնորդությամբ հանդիպեցինք Բաքվում` հավաստելու մեր հարգանքը միմյանց հանդեպ եւ քննարկելու մեր ժողովուրդների ու պետությունների միջեւ ճշմարիտ խաղաղության եւ համաձայնության ձեռքբերման համար անհետաձգելի միջոցառումները:

Դիտարկելով այս հանդիպումը որպես խաղաղարարական երկխոսության ծավալում Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կովկասի մահմեդականների վարչության միջեւ` սկիզբ առած Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդությամբ 1988 թ., հավատարիմ նախորդ հայտարարությունների ոգուն, մենք հույս ունենք հետագայում էլ աջակցել մեր ժողովուրդների խաղաղ համագոյակցության սկզբունքների առաջընթացին եւ փոխընդունելի որոշումների մշակմանը` բացառապես բանակցային ճանապարհով: Ուրախալի է վկայել, որ նման ձեւաչափով հանդիպումները քիչ չեն նպաստել Ղարաբաղյան խնդրով սկզբնավորված հայ-ադրբեջանական զինված հակամարտության դադարեցմանը: Այս հանդիպումները, անկասկած, օգնել են, խուսափել հակամարտությունը միջկրոնական դիմակայության վերածվելուց:

Այսօր հատկապես կարեւոր ենք համարում համագործակցության հոգեւոր կողմնորոշիչներին հետեւելը` մեր ժողովուրդների միջեւ առկա խորթությունը հաղթահարելու համար: Կրոնի ուժը, որ կոչում է բարու, խաղաղության, կարեկցանքի, համբերության, պիտի դառնա հաշտեցման գործոն: Հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հաղթահարելու ազգամիջյան թշնամությունը: Կենսականորեն անհրաժեշտ է թույլ չտալ ռազմական ճանապարհով վիճահարույց հարցերի լուծման վերադարձը: Մեր խաղաղարարական ջանքերով պետք է սատար կանգնենք մարդկանց` ներկայիս բաժանումների, պատնեշների եւ թշնամության վերացման հույսերին, քանզի պատերազմը, եթե այն շարունակես, ավարտ չի ունենա:

Մենք սատարում ենք հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Խաղաղության եւ բարիդրացիության հասնելու համար անհրաժեշտ է ընդլայնել շփումները` վստահության ամրապնդման նպատակով: Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն բարի կամքի եւ անկեղծ մտադրությունների առկայության պարագայում: Սատար կանգնելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ջանքերին` մենք մտադիր ենք աջակցել նրանց ձգտումներին: Այս կապակցությամբ կարեւոր ենք համարում հոգեւոր առաջնորդների միջեւ ուղիղ երկխոսության շարունակումը` նպատակ ունենալով նպաստել հակամարտության հանգուցալուծմանը, ինչը հնարավորություն կտա մարդկանց վերադառնալու այն վայրերը, որտեղից նրանք քշվել են պատերազմի պատճառով: Մենք ողջունում ենք կողմերի բարի կամքը` գերիների ազատ արձակումը, եւ կոչ ենք անում ինչպես քաղաքական, այնպեսեւ կրոնական գործիչներին ակտիվացնել ջանքերն այս ազնիվ եւ մարդասիրական գործընթացում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ցույց տա, որ բարի գործերը, ծառայումը գթասրտությանը, նվիրումը խաղաղությանն ու արդարությանը կարող են անել ավելին, քան ռազմական հակամարտությունը: Մենք դատապարտում ենք վանդալիզմի ակտերը եւ կարեւոր ենք համարում մեր ժողովուրդների կրոնական հուշարձանների եւ սրբությունների պահպանումը:

Խաղաղության եւ համաձայնության հասնելու ճանապարհը դյուրին չէ, պահանջում է մեծ ջանքեր եւ հզոր կամք: Սակայն մենք ունենք հաջողության հասնելու ջերմ հույսեր եւ, համատեղելով մեր ջանքերը, հույ ունենք հաղթահարելու խորթացումը եւ կանխակալությունները: Պատասխանատվությունն ու պարտքը Բարձրյալի եւ մեր ժողովուրդների առջեւ մղում են մեզ` հոգեւոր առաջնորդներիս, ջանքեր գործադրել հանուն խաղաղության, բարու իդեալների երկար սպասված հաղթանակի եւ առկա խնդիրների արդար հանգուցալուծման: Թող Կովկասի բարեբեր հողում ամուր եւ արդար խաղաղություն հաստատվի, իսկ մեր ժողովուրդները ժառանգեն բարօրություն եւ բարգավաճում»:

Եռակողմ հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության խորհրդակցական մարմնի աշխատանքներին, որի նպատակն է առկա խնդիրների շուրջ երկխոսություն սկսել կրոնական համայնքների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ: Կրոնապետերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչին ներկայացրեցին իրենց մտահոգությունները եւ համագործակցության ոլորտները: