Տեղի ունեցավ Վազգեն Ա Հայրապետի արձանի բացումը

Տեղի ունեցավ Վազգեն Ա Հայրապետի արձանի բացումը 11.11.2010

Նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը: Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ:

Արարողությունը բացվեց Մայր Աթոռի միաբան Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանի խոսքով, որի ավարտին տիար Նիկոլայ Ռիժկովը ու տիար Ֆրիդրիխ Սողոյանը հրավիրվեցին հանդիսավոր կերպով կատարելու Վազգեն Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արձանի բացումը: Այնուհետեւ Մայր Աթոռի միաբանության անունից տիար Ռիժկովին երախտագիտություն հայտնեց Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը` նաեւ անդրադառնալով երջանկահիշատակ Հայրապետի մեծ վաստակին եւ իրականացրած մարդասիրական ու խաղաղասիրական առաքելությանը ժողովուրդների կյանքում, ինչպես նաեւ կարեւոր դերակատարությանը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

Այս առիթով հայրապետական իր օրհնության խոսքն ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Խոնարհում բերելով Վազգեն Ա երանաշնորհ Հայրապետի հիշատակի առջեւ` մեր գնահատանքն ենք բերում մեր ժողովրդի մեծ բարեկամ Ն. Ռիժկովին ու քանդակագործ Ֆ.Սողոյանին եւ աղոթք բարձրացնում առ Աստված, որ Տերը մեր ժողովրդի զավակաց հոգիներում աճեցնի հայոց երջանկահիշատակ Հայրապետի սերմանած հունդերը», - նշեց Նորին Սրբությունը:

Շնորհավորական եւ երախտագիտության խոսքեր ասացին նաեւ միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Վերջում արձանի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Նիկոլայ Ռիժկովը: Իր խոսքում նա անդրադարձավ 1988թ. երկրաշարժի աղետալի օրերին իր հանդիպումներին Վազգեն Ա Հայրապետի հետ, ով այդ ծանր շրջանում հավատ ու հույս էր ներշնչում աղետյալ ժողովրդին: Այդ նկատառումով արձանի տեղադրումը տիար Ռիժկովը նկատեց ոչ թե ընծա, այլ պարտականություն մեծանուն Հայրապետի հիշատակի առջեւ:

Արարողության ավարտին Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի անդամներին: