Տեղի ունեցավ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեկան ժողովը
Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հիմնադրված Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան` 2010-2011թթ.-ն ամփոփող ժողովը:
Արդեն տասնհինգ տարի գործող Կլոր Սեղան հիմնադրամի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ու հասարակական տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջին շրջանում Կլոր Սեղանը ներգրավված է նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման և արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպման ծրագրերում:
Ժողովը սկսվեց Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթքով և բացման խոսքով: Սրբազան Հայրը, ողջունելով ժողովին ներկա Կլոր Սեղանի գործընկերներին և աշխատակիցներին, հաջողություն ու բարի ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին: Ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց նաև ՀԿՍ գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Վերջինն ուրախությամբ նշեց, որ հիմնադրամի երկարատև աշխատանքի արդյունքները նկատելի են, ընդլայնվել է գործընկերների ցանցը: Հիմնադրամի գործադիր տնօրենը ժողովականներին ներկայացրեց նաև միջեկեղեցական կազմակերպության օպերատիվ և արագ արձագանքը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքների հաղթահարման գործում. <<Մենք թերևս միակ միջազգային կազմակերպությունն ենք, որ առաջինն արձագանքեցինք այդ դժբախտ պատահարին և հոգևոր, նյութական աջակցություն ցուցաբերեցինք>>:
Ժողովին իր մասնակցությունն էր բերել նաև Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով իր ելույթում ներկայացրեց Հանրային խորհրդի գործառույթները, ստեղծման նպատակը և կատարվող աշխատանքները:
Այնուհետև ՀԿՍ-ի գործադիր տնօրենը և ծրագրերի պատասխանատուները ներկայացրեցին հիմնադրամի 2010-2011 թթ. գործունեության հաշվետվությունը, ապա տեղի ունեցան քննարկումներ, որոնց ընթացքում նախանշվեցին հիմնադրամի հետագա գործունեության առաջնահերթ ոլորտները: