Տեղի ունեցավ Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների 7-րդ հանդիպումը
2010 թ. հունվարի 26-31-ը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում, Անթիլիասում, տեղի ունեցավ Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական եւ աշխարհական աստվածաբաններ քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչեւ 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին եւ Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն), Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:
Հանդիպման ընթացքում Եզնիկ Սրբազանը հանդես եկավ բանախոսությամբ` ներկայացնելով Տիեզերական ժողովների ընդունման կարգը Հայ Եկեղեցում եւ այս գործընթացի հետ կապված Հայ Եկեղեցու սկզբունքներն ու մոտեցումները: