Տեղի ունեցավ Անգլիկան-Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության հանձնախմբի 4-րդ նիստը
Հոկտեմբերի 5-10-ը Ուելսում (Մեծ Բրիտանիա)` Լորդ Գլադստոնի անվան գրադարանում, տեղի ունեցավ Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը: Թվով չորրորդ այս նիստը (առաջինը տեղի էր ունեցել 2002 թվականին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում) նվիրված էր Անգլիկան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ավանդությունների մեջ Սուրբ Հոգու դերի և աստվածաբանական նշանակության ընկալմանը:
Հանձնախումբը, ներկայացված աստվածաբանական զեկույցների ու բանախոսությունների հիման վրա, մոտ ապագայում նյութի շուրջ լույս կընծայի միջեկեղեցական փաստաթուղթ:
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբի նիստին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը: