Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջը` 40-օրյա Քրիստոսի ընծայումը տաճարին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի ունեցավ նաեւ նորապսակների օրհնության կարգ:
Տոնի նախօրեին` փետրվարի 13-ին, Մայր Աթոռի Միածնաէջ տաճարում երեկոյան ժամերգության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տերունի տոնի սկիզբն ավետող նախատոնակի հանդիսավոր արարողություն, ապա եւ անդաստանի կարգ, երբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Շարականների երգեցողության ներքո բարեպաշտ բազում հայորդիներ Մայր Տաճարի կանթեղներից վառված մոմեր իրենց հարկերը տարան` լուսավորելու Քրիստոսի խորհրդանիշ լույսով:
Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը, մեկնելով քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման խորհուրդը, անդրադարձավ նաեւ մանուկների հանդեպ ծնողների պարտականություններին` նկատելով, որ առաջին հերթին նրանք պետք է մանուկներին Աստծո Խոսքի` Սուրբ Գրքի ճանաչողությունը մատուցեն եւ աղոթական կյանքին մասնակից դարձնեն, քանզի դրանցով մանուկները պիտի դառնան քրիստոնյաներ եւ դրանցով պիտի ժառանգորդներ դառնան հավիտենական կյանքի: