Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը:
Տոնի սկիզբն ազդարավեց փետրվարի 13-ի երեկոյան£ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը£ Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարևանությամբ վառվեց մեծ խարույկըª իբրև Քրիստոսին խորհրդանշող լույս: Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները:
Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջի օրը հռչակված է նաեւ նորապսակների օրհնության օր, Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգևի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ:
Սուրբ Պատարագի ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ զույգերին: Հայցելով, որ Տերն իր շնորհներն առատորեն հեղի նորակազմ ընտանիքների վրա` Նորին Սրբությունը պատգամեց նրանց ընտանեկան կյանքը կազմակերպել Տիրոջ պատվիրաններին համապատասխան, ընթանալ միշտ բարու ճանապարհով, սիրել մարդկանց, եկեղեցին, հայրենիքն ու ժողովրդին: