Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը:
Տոնի սկիզբն ազդարավեց փետրվարի 13-ի երեկոյան: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետեւ Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարեւանությամբ վառվեց մեծ խարույկը` իբրեւ Քրիստոսին խորհրդանշող լույս: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների եւ ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները:
Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս օրը հռչակված է նաեւ նորապսակների օրհնության օր, Հայր Սուրբն անդրադարձավ նաեւ ընտանեկան արժեքների պահպանման անհրաժեշտությանը: «Հայոց ընտանիքը դարերի ընթացքում միշտ դարձել է հայ ժողովրդի գոյատեւման եւ ազգային-հոգեւոր արժեքների պահպանման ամուր եւ անխորտակելի միջնաբերդը: Հայ ընտանիքն իր արժեքային սկզբունքներով եւ ավանդույթներով մշտապես շարունակականություն է փոխանցել հայ ժողովրդին` դառնալով Երկնքի Արքայության այն փոքրիկ մանրակերտը, որի մեջ այր եւ կին իրենց առողջ սիրո հարաբերությամբ պետք է երջանկանային եւ այդ մթնոլորտի մեջ ծնեին իրենց սիրո պտուղին եւ պիտի դաստիարակեին առողջ հոգով եւ առողջ մարմնով»:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: