«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռի հովանու ներքո արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

«Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն» եւ բնագիտական առարկաների գծով անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել եւ խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական եւ դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: Մրցույթն անց է կացվում հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ ամերիկաբնակ քույրեր Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյանների:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը: Հայր Սուրբը, բարի գալուստ մաղթելով կրթության մշակներին, անդրադարձավ ուսուցչի կերպարին ու նկարագրին, նրա քրիստոսանման առաքելությանը հայոց ազգային դպրոցից ներս: Հայր Վարդանն ուրախություն հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի` ազգային ու բարոյական արժեքների, հայրենասիրության ոգու վրա հիմնված ազգային դպրոց ունենալու եւ դրանում ուսուցչի կարեւոր դերակատարության արժեւորման տեսլականը տարեցտարի իրականություն է դառնում:

Մրցույթի անցկացման գործընթացը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, տեղեկացնելով, որ մրցույթին մասնակցել է 300 ուսուցիչ, որոնցից 41-ն են անցել եզրափակիչ փուլ:

Այնուհետեւ մրցույթի հաղթողներին շնորհավորեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանը: Իր խոսքում նախարարը բարձր կարեւորեց դպրոցի կրթադաստիարակչական գործոնը, ապա անդրադարձավ նախարարության սերտ համագործակցությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ եւ համատեղ իրագործվող ծրագրերին: «Արդիականացնելով կրթությունը եւ համապատասխանեցնելով այժմյան պայմաններին` չպետք է մոռանանք, որ մեր նման երկրների ու ժողովուրդների համար թիվ մեկ մարտահրավեր է նաեւ ազգային ինքնության պահպանումն ու հոգեւոր-մշակութային դաստիարակությունը, որի իրականացման գործում բացառիկ առաքելություն ունի Հայ Առաքելական Եկեղեցին` ամրագրված սահմանադրորեն: Հայոց կրթության բազմադարյա պահապանը եւ հովանավորը եղել է Հայոց Եկեղեցին», - նշեց ՀՀ ԿԳ նախարարը:

Ապա Մայր Աթոռի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 39 ուսուցիչների հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Խաչատրյան Աստղիկը (Գյումրիի թիվ 11 դպրոց), «Հայոց լեզվի եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Խաչատրյանը (Վանաձորի թիվ 5 դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հասմիկ Գափլանյանը (Վաղարշապատի թիվ 2 դպրոց) եւ «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Գեւորգյանը (Հրազդանի թիվ 11 դպրոց): Երկրորդ մրցանակը ստացավ 8 ուսուցիչ: Երրորդ մրցանակ տրվեց 11 ուսուցչի: Մրցանակների արժանացան մրցույթի մասնակից եւս 16 ուսուցիչ:

Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողությունից հետո իրենց սրտի խոսքն ասացին մի շարք ուսուցիչներ: Վերջում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ներկաներին փոխանցեց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Օրհնյալ է ուսուցչի գործը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործի նման է, որովհետեւ Ինքն էլ Վարդապետ` ուսուցիչ եղավ: Հետեւաբար, օրհնյալ է ուսուցչի աշխատանքը, որ մարդ կերտելու գործն է: ...Աշխարհը պիտի փրկի կրթությունը», - ասաց Սահակ Սրբազանը` հորդորելով ուսուցիչներին շարունակել իրենց ծառայությունը, խղճմտանքով ցանել սերմերը կրթության, որպեսզի Հայոց աշխարհը եւ Սփյուռքը ողողվի հայկական մշակույթի, հայոց գրի ու գրականության լույսով եւ Աստծո օրհնությամբ:

Արարողության ընթացքում հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Ս. Գեղարդի վանքի երգչախումբը` խմբավարությամբ Անահիտ Պապայանի: