«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար տիար Սպարտակ Սեյրանյանի, տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների ամենամյա մրցանակաբաշխությունը: Արդեն վեցերորդ տարին է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ ՀՀ ԿԳ նախարարության կողմից Հայաստանում անցկացվում է հանրակրթական դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ բնագիտական առարկաների ուսուցիչների մրցույթ:

Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, այնուհետեւ ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանը` նշելով, որ Հայ Եկեղեցու մշտական ուշադրության եւ հոգածության կենտրոնում է եղել ու մնում հայ դպրոցն ու կրթությունը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը:

Այնուհետեւ մրցույթի ընթացքին անդրադարձավ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար տիար Սպարտակ Սեյրանյանն իր խոսքում կարեւորեց սեփական ինքնության ամրագրումը մատաղ սերնդի դաստիարակության գործում. «Այսպիսի միջոջառումները, որոնք կազմակերպվում են հայոց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների կողմից, շատ կարեւոր նշանակություն ունեն` գնահատելու եւ ծրագրավորելու համար մատաղ սերնդին կրթելու եւ դաստիարակելու աշխատանքը, քանի որ այն միայն գիտելիքի փոխանցում չէ: Դա ազգային ինքնության փոխանցում է, դա սեփական Հայրենիքը, պատմությունը, լեզուն եւ մշակույթը սիրելու գիտելիքն է, որն էլ ամենակարեւոր գիտելիքն է»:

Հանդիսությանը Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի հանրակրթական ոլորտի պատասխանատու Էլյա Սարիբեկյանը ներկայացրեց մրցույթի վերջնական արդյունքները, ապա 42 ուսուցիչներ Ամենայն Հայոց Հայրապետից եւ ԿԳ նախարարից ստացան վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն: Մրցանակների արժանացան մրցույթի մասնակից 18 ուսուցիչներ, երրորդ մրցանակ ստացան 13 ուսուցիչներ, երկրորդ մրցանակը տրվեց 8 ուսուցիչների, իսկ առաջին մրցանակի արժանացան երեք ուսուցիչներ:

Խրախուսական մրցանակների հանձնումից հետո ուսուցիչների անունից շնորհակալական խոսք ասաց առաջին մրցանակի արժանացած հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Անահիտ Գեւորգյանը (Քաջարանի թիվ 1 դպրոց, Սյունիքի մարզ):

Հավարտ հանդիսության ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ուսուցիչներին` երիտասարդ սերնդին եկեղեցասեր ու հայրենանվեր ոգով կրթելու բարձր առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար. «Խորախորհուրդ է այն երեւույթը, որ ուսուցիչներդ գալիս էք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արժանանալու գնահատանքի ձեր աշխատանքի, ձեր ծառայության համար: Գալիս եք Ս. Էջմիածին, ուր ոգին է մեր ուսուցչապետի եւ հայոց եռամեծ վարդապետների, գալիս եք կարծես հաշվետվություն ներկայացնելու նրանց, որոնց գործի շարունակողն եք: Խորախորհուրդ է պահը նաեւ այն առումով, որ գալիս եք այստեղ անդրադառնալու ձեր կոչմանն ու առաքելությանը, որ միայն գիտելիքով պաշարումը, գիտելիքի զինումը չէ ձեր կոչումն ու առաքելությունը, այլեւ դաստիարակությունը, կրթումը, առաջնորդումը հայ երեխային, հայ պատանուն, որպեսզի նա իր կյանքը կազմակերպի մեր հայրերի կողմից նշված աստվածահաճո ընթացքներում, որպեսզի իր կյանքով կարողանա կերտել ու կառուցել Աստծո օրհնությանն ու գնահատանքին արժանի մեր ազգային կյանքը: Ձեր կրթած, ձեր դաստիարակած սերունդն է, որ պիտի կառուցի եւ կերտի հայ կյանքը»:

Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը հայտնեց նաեւ ԿԳ նախարարին եւ նախարարության պաշտոնեությանը` սերտ համագործակցության համար, ինչի շնորհիվ ամեն տարի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է հայ ուսուցչին գնահատելու եւ արժանին մատուցելու ամենամյա հանդեսը: Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց Իրմա եւ Սիլվա Ստեփանյաններին` «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը հովանավորելու համար:

Արարողության ընթացքում ասմունքով եւ գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ աշխատակիցներն ու «Սպեղանի» երգչախումբը: