Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցեց իր ուխտի պատարագը
Նոյեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Ս. Պատարագի արարողության ընթացքում Վարդան Սրբազանը եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` միաժամանակ շորհակալություն հայտնելով Գևորգյան հոգևոր ճեմարանում իրեն դասավանդած ողջ դասախոսական կազմին ու Մայր Աթոռի միաբաններին:
«Աստուծո կամոք, Սուրբ Հոգու ներշնչմամբ և առաքելական հաջորդականության ձեռնադրության և օծման խորհրդով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի աջի զորությամբ կոչվեցինք Աստուծո այգու` այս տնտեսության մեջ, ծանրագույն և պատասխանատու այս աստիճանին` Տիրոջ բարի լուրի խոսքը բերելու և հասցնելու հավատացյալ մեր ժողովրդին, կոչվեցինք քրիստոնեական հավատքը կյանքի փոխելու և այդ կյանքը համակ ծառայության վերածելու: Զգում և գիտակցում եմ այս լուծի ծանրությունն իմ տկար ուսերին, սակայն, «Ո̃վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհները և Քո շավիղներն ինձ սովորեցրո՛ւ, առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, Քո ճշմարտության մեջ և ուսուցանի՛ր հանապազ», քանզի Դու ես հարուցյալ Փրկիչն և Աստված իմ: Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ այն ճանապարհը, որ ծառայությամբ և պատասխանատվությամբ կարող է քաղցրանալ և քաղցրացնել այն լուծը, որը մարդկայնորեն անհնար է թվում միայնակ տանելու: Գիտեմ, որ հոգևոր ծառայությունը տալու, նվիրելու, սպասավորելու, տրվելու ծառայություն է և ոչ թե առնելու, յուրացնելու կամ ստանալու: Այն, ինչ պարգևեցիր Դու ինձ, Տե՛ր, ծառայության ճանապարհով Քեզ պիտի վերադարձնեմ. այդ պարգևը ոչ թե սպառելու, այլ բազմապատկելու և բաշխելու եմ», - ասաց նորաօծ Վարդան Սրբազանը:
Պատարագիչ Սրբազանը նաև իր ուխտը վերահաստատեց Սուրբ Էջմիածնի նկատմամբ` մասնավորապես ընդգծելով. «…Վերանորոգում եմ իմ կյանքի ուխտը հավատարմորեն միանալու Էջմիածնի սրբակենցաղ առաքելությանը, որը համակ նվիրում է, հանձնառություն, ծառայություն Աստուծո խոսքին` մեր Սրբազան Եկեղեցու ճանապարհով: Էջմիածինը եղել և մնում է համայն հայության այն սրբազան վայրը, որտեղ հավատքով քայլող յուրաքանչյուր հայորդի այդ մթնոլորտի և միջավայրի մեջ մեր հայրերի ճամփով հաղորդվում է Քրիստոսի` մեր Տիրոջ շնչին, Սուրբ Էջմիածինը Հայ Եկեղեցու բազմաճյուղ ծառի արմատն է, որ սնուցանում է մեր բոլոր զավակներին. այն զավակներին, ովքեր իրենց ճյուղերը զորացրել և միացրել են այս հիմնավոր արմատ ունեցող ծառին և իր անսպառ լույսով և օրհնությամբ Էջմիածինն իր առաքելությամբ մշտարթուն կերպով ներկա է հավատացյալ մեր հայորդիների կյանքում»: