Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանի մեծարման երեկո Մայր Աթոռում

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ մեծարման երեկո` նվիրված Հայ Եկեղեցու ավագագույն եւ վաստակաշատ հոգեւորականներից մեկին` Գեւորգյան Ճեմարանի նախկին տեսուչ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանին: Երեկոն հանդիսապետում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչական եւ դասախոսական կազմերն ու ուսանողությունը եւ հյուրեր:

«Սիրելի Տեր Հայր, դուք ունեք զավակներ, բայց ունեք նաեւ հարյուրավոր զավակներ, որոնք ներկա են այստեղ եւ որոնք իրենց ծառայությունն են բերում աշխարհով մեկ սփռված մեր հայ համայնքներում: Այդ զավակներիս կյանքի մեջ դուք մեծ դեր եւ նպաստ ունեք եւ մենք մինչեւ մեր կյանքի վերջին օրերը կհիշենք այն քաղցր զրույցներն ու խրատները, որ երբեք չեք խնայել եւ բաշխել եք մեզ հայրաբար, ծնողաբար»,- բացելով հանդիսությունը, ասաց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ Վազգեն վրդ. Նանյանը:

Հուզումնառատ այդ երեկոյին Իր սրտի խոսքն ասաց նաեւ մեծարյալը: Տեր Եղիշեն իր հերթին կարեւորեց այն բարձր արժեքները, որ ստացել է մեր Եկեղեցու Հայրապետներից եւ այլ արժանավոր եկեղեցականներից, ապա մասնավոր շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին` Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի նկատմամբ մշտապես ցուցաբերած հոգատար եւ արդյունաշատ ուշադրության համար. «Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը կոչված է ազգային-եկեղեցական ասպարեզի համար հասցնելու ըստ ամենայնի պատրաստված եկեղեցականություն, որ վառ մնան հայ կյանքի մեջ ազգային կրոնական զգացմունքները, որ ապագայի մեր եկեղեցականների գիտակցության եւ հոգու մեջ համազոր ընթանա ու զարգանա մարդասիրությունը, ազգասիրությունն ու եկեղեցասիրությունը` քրիստոնեական բարձր արժեքները»,-նշեց տեր հայրն իր խոսքում:

Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով: Նորին Սրբությունը բարձր գնահատեց Տեր Եղիշեի` 77 տարիներից 55-ը Հայ Առաքելական Եկեղեցուն եւ հայ ժողովրդին բերած ծառայության բազմարդյուն եւ բեղուն վաստակը. «Քաջ իմանալով Տեր Եղիշեի 55 տարիների ծառայական կյանքը` վստահորեն կարող ենք հաստատել, որ նա անմնացորդ նվիրումով է տվել իր կյանքը մեր Եկեղեցուն: Ուր էլ որ եղել է, ինչ պաշտոնի էլ որ նրան նշանակել են, ինչ հանձնարարական էլ որ ունեցել է, կատարել է անմնացորդ սիրով: Սիրով է կատարել, որովհետեւ մեծ է իր սերը մեր Եկեղեցու եւ մեր ժողովրդի նկատմամբ»: Վեհափառ Հայրապետը նաեւ ընդգծեց, որ Տեր Եղիշեն, լինելով մեր ավագագույն հոգեւորականներից, իր անձով կրողն ու փոխանցողն է Գեւորգ Զ Կաթողիկոսից սկսած մեր երանաշնորհ Հայրապետների ու այլ եկեղեցականների փառապանծ ավանդների: Իր խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանին շնորհեց լանջախաչ:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց Տեր Եղիշեի կյանքն ու գործունեությունը, հնչեցին դասախոսի եւ ուսանողի խոսքեր, ասմունք, երգեր` ճեմարանի երգչախմբի կատարմամբ, ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած «Սա է մարդը` քահանան» ֆիլմը: