Վեց իրաքահայ նոր երեխաներ համալրեցին Մարդասիրական ճեմարանի շարքերը

Հունվարի 14-21-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը մեկնեց Հորդանան եւ Իրաք` վեց իրաքահայ երեխաների Կալկաթա բերելու նպատակով:

Մինչեւ մեկնելը բոլոր երեխաների ծնողները տեղեկացվել էին ճեմարանի պայմանների, արդի վիճակի եւ ապագա ծրագրերի մասին: Հայր Սուրբի ջանքերը անձնապես Իրաք մտնել չհաջողվեց: Իրաքի իշխանությունները Բաղդադում տիրող անապահով վիճակի պատճառով Հայր Օշականին ետ վերադարձրեցին Բաղդադի օդանավակայանից դեպի Հորդանան: Սակայն Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արք. Ասատուրյանի, ծնողների եւ Հայր Սուրբի ջանքերով երեխաներին հաջողվեց մեկնել Հորդանան, իսկ այնտեղից էլ` Կալկաթա: Բոլոր ծնողներն հեռախոսազրույցներում իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ճեմարանի ղեկավարությանը` իրաքահայության համար այս դժվարին պայմաններում օգտակար լինելու եւ աջակցելու համար` խնդրելով իրենց որդիական խոնարհությունը փոխանցել նաեւ Նորին Սրբությանը, ով իր Հայրական հոգածության ներքո է պահում Մարդասիրական ճեմարանը:

Այսպիսով` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը համալրվեց վեց իրաքահայ նոր երեխաներով: