Վերաօծվեց Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցին
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքը Մայր Աթոռի միաբան հայրերի ուղեկցությամբ մեկնեց Արմավիրի թեմ` Սարդարապատ գյուղ` կատարելու տեղի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Ուրախալի այս առիթով Սարդարապատ էին ժամանել նաեւ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավորներ:
19-րդ դարում կառուցված Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվել ու բարեկարգվել էր ծնունդով սարդարապատցի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հովանավորությամբ:
Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ ԱԺ նախագահին դիմավորեցին աղ ու հացով:
Սբ. Աստվածածին բազիլիկ հրաշագեղ եկեղեցին, որ չէր գործում խորհրդային տարիներից ի վեր, վերաօծվեց մեծ հանդիսավորությամբ: Արարողությանը մասնակցում էին նաեւ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանը, Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը, Տ. Արարատ եպս. Գալթագճյանը:
Ձեռամբ Վեհափառ Հայրապետի վերաօծվեց եկեղեցու սբ. սեղանը, որից հետո Նորին Սրբությունը շնորհավորեց բոլոր ներկաներին եւ իր գնահատանքը հայտնեց եկեղեցու բարերար Նահապետ Գեւորգյանին` անդրադառնալով եկեղեցաշինության երախտարժան գործին նրա բերած կարեւոր ներդրումին: Ի գնահատություն Հայ Եկեղեցուն ու ժողովրդին մատուցած ծառայությունների` Վեհափառ Հայրապետը տեր եւ տիկին Գեւորգյաններին շնորհեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան:
Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը, մասնավորապես ասված է. «Արմավիրի Թեմի գործունեությանը աջակից լինելու ազնիվ նախանձախնդրությամբ Դուք հանձն առաք Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգության ու բարեզարդման հովանավորությունը, կարեւոր ավանդ բերելով գյուղում եւ շրջակա բնավայրերում հոգեւոր կյանքի վերազարթոնքին: Գոհունակություն է Մեզ համար, որ Ձեր բարեգործության շնորհիվ հավատավոր հայորդիները այսուհետ նորոգված սրբավայրի կամարների ներքո պիտի փառաբանական իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված եւ շնորհընկալը դառնան երկնային պարգեւների»:
Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն: