Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին

Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին 06.07.2010

Հուլիս 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի Սբ. Աստվածածինե եկեղեցին:

Այդ օրը բազմամարդ էր Աբուլ գյուղը: Ախալքալաքից, հարակից գյուղերից, Հայաստանից, Թբիլիսիից ժամանել էին բազմաթիվ հյուրեր՝ մասնակցելու Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման սրբազան արարողությանը: Թեմի առաջնորդին եւ շրջանի ղեկավարությանը աբուլցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով եւ ավանդական դհոլ-զուռնայի հնչյունների ներքո :

Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքի եւ Աբուլ լեռան միջակայքում,լեռան հարավարեւմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արեւելք, ծովի մակերեւույթից 1964-1985մ բարձրության վրա:

1830թ. Կարնո գավառի Ումուտում գյուղից գաղթած հայերը հաստատվել են այդ ժամանակ հայաթափ ու ավերակ Աբուլ գյուղատեղիում եւ շենացրել այն:

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1884 թ-ին: Այն սրբատաշ տուֆով ընդարձակ կառույց է, եռանավ հորինվածքով, ավանդատներով ,երկու զույգ սյուներով, արեւմտյան ճակտոնի գագաթին՝ զանգակատնով:

Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել եւ տարածքը բարեկարգվել է նույն գյուղի ծնունդ, այժմ ռուսաստանաբնակ Ստեփան Խանջյանի բարերարությամբ: Եկեղեցու բարերարը դեռեւս պատանեկության տարիներին երազել էր վերանորոգված եւ գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին եւ Բարձրյալի ողորմածությամբ իրականություն դարձավ նրա եւ ընտանիքի երազանքը:

Սրբազանը բարձր գնահատեց Խանջյան ընտանիքի աստվածահաճո գործը , նրանց փոխանցեց օրհնության գիր եւ հայ մանրանկարչության արժեքավոր գործ:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ուրույն մշակույթի գծով խորհրդական Էդուարդ Մուրադյանը , Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, Ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Տոնի կապակցությամբ դպրոցի բակում կազմակերպվել էր մեծ համերգային միջոցառում,որին իրենց մասնակցությունն էր բերել Գյումրիից ժամանած երգի պարի համույթը:

Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն եւ ժողովրդական հանդիսություն:

Հաջորդ օրը հուլիսի 4-ին Ախալքալաքի հոգեւոր հովիվի Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը նորաօծ եկեղեցում մատուցեց Ս. Պատարագ եւ կատարեց համայնքային մկրտություն: Բոլոր մկրտվողներին գեղեցիկ խաչեր նվիրեց Եկեղեցու բարերար Ստեփան Խանջյանը:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Նինոծմինդայի Խոջաբեկ գյուղի վերանորոգված
Սբ. Սարգիս եկեղեցում կատարվեց օրհնության կարգ

Հուլիս 4-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, կատարվեց օրհնության կարգ Նինոծմինդայի շրջանի Խոջաբեկ գյուղի Սբ. Սարգիս եկեղեցում, որին հաջորդեց անդրանիկ պատարագի սրբազան արարողությունը:

Խոջաբեկ գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հարավ-արեւելք, Խանչալի լճի արեւելյան ափից 2 կմ հեռու, ծովի մակերեւույթից 1930-1950 մ բարձրության վրա: Հյուսիս-արեւմուտքից կից է Նինոծմինդա շրջկենտրոնին :

Սբ. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1840-ական թթ.: Այն համակ սրբատաշ քարով,արեւմտյան ճակատից բացված միակ մուտքով, արեւմտյան ճակտոնին կրկնահարկ զանգակատնով շինություն է:

Սբ. Սարգիս եկեղեցին տեղի հոգեւոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի նախաձեռնությամբ վերանորոգվել եւ տարածքը բարեկարգվել է նույն գյուղի ծնունդ, այժմ ռուսաստանաբնակ Թաթուլ եւ Արմեն Ղարսլյան եղբայրների բարերարությամբ:

Սրբազանը բարձր գնահատեց եղբայրների եւ մյուս աջակիցների աստվածահաճո գործը: Առաջնորդը բարերարներին ու ժողովրդին պատգամեց՝ վերականգնել կորցրած մեր եկեղեցական ծիսական ավանդությունները, եւ հետեւել հոգեւոր հովվի բարի պատգամներին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Վլադիմիր Ստամբոլցյանը, գլխավոր բժիշկ Կարեն Զալալյանը, գործարար Արամ Սանոսյանը եւ այլ հյուրեր:

Վիրահայոց թեմի մամլո դիվան