Վերապատրաստման դասընթաց թեմապատկան կիրակնօրյա վարժարանների ուսուցիչների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 6-10-ը, Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան կիրակնօրյա վարժարանների շուրջ 130 ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները կծանոթանան կիրակնօրյա վարժարանների գործունեության նոր փաթեթին եւ ուսումնական նոր ծրագրին: Դասախոսություններ կներկայացնեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր հայրեր եւ մեթոդիստ-մանկավարժներ: Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ դասընթացի մասնակիցները Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցեն ժամերգությունների, իսկ դասընթացների ավարտին կմատուցվի ուխտի Ս Պատարագ: