Վերահրատարակություն. Վարդան վարդապետ Այգեկցի, «Խրատներ քահանաներին եւ ժողովրդին» եւ «Խրատներ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու հայրեր» շարքից վերահրատարակել է ԺԲ-ԺԳ դդ. նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Վարդան վարդապետ Այգեկցու խրատները: «Խրատներ քահանաներին եւ ժողովրդին» բաժինն աշխարհաբարի են վերածել Մայր Աթոռի միաբաններ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը եւ Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը, իսկ «Խրատներ» մասը, որը ժամանակին հրատարակվել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում, աշխարհաբարի է վերածել Տ. Շահե քահանա Հայրապետյանը:
Իր խրատներում Վարդան վարդապետը զանազան թեմաներ է շոշափում. խոսում է քրիստոնյայի կյանքում պահքի եւ աղոթքի նշանակության, զանազան առաքինությունների եւ մեղքերի, կռապաշտության եւ կախարդության եւ այլ բաների մասին: Վարդան վարդապետը նաեւ խրատում է քահանաներին եւ ժողովրդին` հորդորելով հավատարիմ մնալ իրենց կոչմանը:
Խրատները նախատեսված են ընթերցողների լայն շրջանակների համար` բավարարելու համար նրանց հոգեւոր քաղցն ու ծարավը` նրանց միտքը լուսավորելով հոգեշահ խրատներով եւ ուսուցումներով: