Վեհափառ Հայրապետն ընդունեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի ուխտավորներին
Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Ռուսասատանի Հայոց թեմի Պյատիգորսկ քաղաքի Ս Սարգիս եկեղեցու «Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց» կիրակնօրյա դպրոցի` Հայաստան ուխտի եկած ուսուցիչներին ու սաներին` գլխավորությամբ Պյատիգորսկի Ս Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ Արամ ավագ քահանա Հունանյանի:
Ողջունելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետը կարեւոր համարեց ուխտագնացության միջոցով Հայրենիքի հետ կապի ամրագրումը, որը խիստ տարբեր է սովորական այցելությունից. «Ուխտի գալ Հայրենիք` նշանակում է նվիրական զգացումներով գալ եւ այդ նվիրական զգացումներն այստեղ սնել հայրենի պատմությամբ ու ներկայով, որոնք երկուսն էլ փառահեղ են»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը` ուխտավորներն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կշարունակեն ուխտագնացությունները դեպի հայրենի երկրի տարբեր սրբավայրեր: