Վեհափառ Հայրապետն ընդունեց Ատրպատականի նահանգապետին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձավ Հայաստանի եւ Իրանի ջերմ ու բարեկամական հարաբերություններին` ուրախություն հայտնելով դրանց խորացման համար:

Վեհափառ Հայրապետը գնահատանքի ու շնորհակալական խոսք հայտնեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի եւ աջակցության համար:

Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն իր շնորհակալությունը եւ ուրախությունը հայտնեց Հայաստանում, մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու համար: Նա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ` բարի նշան եւ հիշարժան համարելով տարեդարձի օրերին իր այցելությունը Մայր Աթոռ: Մեծարգո նահանգապետն իր երախտագիտությունը հայտնեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցուն` ի մասնավորի Նորին Սրբությանը` ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ Եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

Հանդիպման ավարտին պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարան: