Վեհափառ Հայրապետն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի ուխտավորներին
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի ուխտավորներին` Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա Պետոյանի գլխավորությամբ: Տ. Սարգիս քահանա Պետոյանի նախաձեռնությամբ նման ուխտագնացությունը, լինելով թվով 9-րդը, ամենամյա բնույթ է կրում:
Նորին Սրբությունը ողջունեց ուխտավորներին եւ իր ուրախությունը հայտնեց` նրանց տեսնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Տ. Սարգիս քահանա Պետոյանին` Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համայնքի կայացման գործում ունեցած անգնահատելի ծառայությունների եւ նման ուխտագնացությունների կազմակերպման հոգեշեն նախաձեռնությունների համար: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այդ գնահատանքը վերաբերում է նաեւ կայացած համայնքին, քանի որ քահանայի երջանկությունը լիարժեք է ժողովրդով, իսկ նման ժողովուրդ ունենալն էլ պայմանավորված է քահանայի աշխատանքով:
Ուխտավորները երկու շաբաթ կմնան Հայաստանում` ուխտի մեկնելով տարբեր սրբավայրեր: