Վեհափառ Հայրապետն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին
Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության ASP-ի (Հայ կրթական ծրագիր) մասնակիցներին` գլխավորությամբ Քլիվլենդի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր պատասխանատու Բարեշնորհ Արտակ սարկավագ Խաչիկյանի: ASP-ի շուրջ 30 մասնակիցները Հայաստանում էին հուլիսի 7-ից եւ այդ ընթացքում իրենց նպաստն են բերել Գուգարաց թեմի «Շիծեռնակ» ճամբարում անցկացվող անգլերեն լեզվի եւ այլ առարկաների դասընթացներին, ինպես նաեւ ուխտի մեկնել Հայաստանի տարբեր սրբավայրեր:
Նորին Սրբությունը ողջունեց ուխտավորներին եւ իր ուրախությունը հայտնեց` նրանց տեսնելու Հայրենիքում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վեհափառ Հայրապետն իր խոսքում ընդգծեց Հայ Եկեղեցու առանցքային տեղն ու դերը Հայրենիք հասկացության մեջ. «Հայ Առաքելական Եկեղեցին ոգին է Հայրենիքի: Հայրենիք հասկացությունը միայն հող, տարածք չէ, այլ այն հոգեւոր արժեքները, որ մեր հայրերը կերտել են այս հողի վրա: Մեր Եկեղեցու զավակների հոգու եւ մտքի արգասիք այդ արժեքները ստեղծվել են շնորհիվ Հայ Եկեղեցու կրթադաստիարակչական աշխատանքի ու գործունեության»:
Ավարտած լինելով իրենց առաքելությունը եւ ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը` ուխտավորները վերադարձան ԱՄՆ: