Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվեց Դիվանատան նորակառույց շենքի բացումը
Մայիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Դիվանատան նորակառույց շենքի օրհնության եւ բացման արարողությունը:
Դիվանատան նոր շենքը կառուցվել է ազգային բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների հովանավորությամբ: Շենքի ճարտարապետն է ամերիկաբնակ Արմանդ Ավագյանը, շինարարական աշխատանքները կատարել է «Հորիզոն-95» շինարարական կազմակերպությունը:
Այս ուրախալի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ամենքին` իր օրհնությունը եւ գնահատանքը բերելով շենքի բարերարներին, կառուցողներին եւ մասնավորապես դիվանատան աշխատակիցներին, ովքեր նոր շենքային պայմաններում պիտի շարունակեն իրենց անսակարկ ծառայությունը բերել մեր ազգին, Հայրենիքին եւ Եկեղեցուն: Դիվանատան նորակառույց այս շենքում գործելու են կաթողիկոսական գրասենյակը, առանձին բաժիններ, որոնք համակարգելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարաբերությունները Հայ Եկեղեցու թեմերի, զանազան պետական մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ու կառույցների հետ:
«Մենք լիահույս ենք, որ այս դիվանատան գործունեությամբ իրապես նոր առաջընթաց պիտի արձանագրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության մեջ, եւ այդ աշխատանքը հոգեւոր ուրախությամբ եւ մխիթարությամբ պիտի լցնի ամենքիս հոգիները»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Այնուհետեւ ի գնահատություն «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության Մայր Աթոռում կատարած նախանձախնդիր աշխատանքի` կազմակերպության տնօրեն տիար Գագիկ Գալստյանը Նորին Սրբության կողմից պարգեւատրվեց Հայոց Եկեղեցու բարձրագույն «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանով:
Արարողության ավարտին ներկաները շրջեցին շենքի հարկաբաժիններով, ծանոթացան Դիվանատան աշխատանքային պայմաններին:
Բացման արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: