Վեհափառ Հայրապետը մեկնեց Ռումինիայի հայոց թեմ

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ռումինիայի հայոց թեմ` կատարելու Յաշ քաղաքի Ս. Աստվածածին հայկական եկեղեցու վերաօծման արարողությունը: Ավելի քան վեց դարեր առաջ կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է Ռումինիայի պետական միջոցներով:

Հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա նաեւ Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Դանիել Պատրիարքի հետ:

Ռումինիայի հայոց թեմ այցից հետո Նորին Սրբությունը կմեկնի Մոլդովայի Հանրապետություն, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ:

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը եւ Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` իբրեւ գավազանակիր: