Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու պատվո շքանշան հանձնեց Պապական նվիրակին
Սեպտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում իր ծառայությունն ավարտող Անդրկովկասում Պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտիին:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսավոր արարողությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ՙՍբ Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշան հանձնեց Գերապայծառ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտիին` գնահատելով Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ նրա ազնիվ վերաբերմունքը և մատուցած օգտակար ծառայությունը:
Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորված սերտ կապերին, որոնց զարգացմանը կարևոր իր նպաստն է բերել արքեպիսկոպոս Գուջերոտտին: Սրբազանն իր խոսքում ներկայացրեց նաև պապական նվիրակի վաստակը հայագիտության ասպարեզում:
Այնուհետև ՙԷջ Միածինն ի Հօրէ՚ շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. ՙ...Երկար տարիներ, որպես հավատարիմ ծառա Քրիստոսի, Դուք արդյունաշատ ծառայություն եք իրականացնում Կաթոլիկ Եկեղեցու անդաստանում` ազնիվ հոգով ջանալով ավանդ բերել Տիրոջ Կենաց Խոսքի քարոզության ընդլայնմանն ու տարածմանը:
Ահավասիկ տասը տարիներ Մենք ականատես ենք Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում Ձեր գործունեությանը: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ դիվանագիտական Ձեր առաքելությանը համընթաց Դուք առանձնակի կարևորությամբ ջանքեր եք ի սպաս դրել նաև արդյունավորելու եղբայրական համագործակցությունը քույր Եկեղեցիների միջև` հանուն աշխարհում հավատքի զորացման և քրիստոնեական հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման:
Ուրախ ենք, որ վերջին տարիներին եկեղեցաշեն ծրագրերի իրականացումով առավել զարգանում են Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերութունները, որին կարևոր ներդրում եք բերում նաև Դուք: Մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին համենայնի օգտակար լինելու Ձեր պատրաստակամությունը դրսևորվել է բազմաթիվ գովարժան նախաձեռնություններում, ինչը գոհունակություն է Մեզ և Մայր Աթոռիս միաբանության համար՚:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը Սրբազանի կուրծքը զարդարեց ՙՍբ Ներսես Շնորհալի՚ շքանշանով:
Ապա Կլաուդիո արքեպիսկոպոսը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարձր պարգևի համար, ջերմության զգացումով վերհիշեց հայ մշակույթի և ընդհանրապես հայ կյանքի հետ ունեցած իր առաջին առնչությունը, ներկայացրեց իր կյանքի ուղին և ծառայությունը Հայաստանում: ՙԻնձ համար դժվար է արտահայտել իմ սրտի բոլոր այն զգացումները, որոնք համակել են ինձ այս պահին: Այն պատիվը, որին արժանացրեց ինձ Ձերդ Սրբությունը, իմ սիրտը լցրեց երախտագիտությամբ՚, - նշեց Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտին:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Կլաուդիո արքեպիսկոպոսի նվիրյալ և օգտաշատ ծառայությանը Հայաստանում և վերստին իր գնահատանքը հայտնեց Հայ Եկեղեցու հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար: Հրաժեշտ տալով պապական նվիրակին` Վեհափառ Հայրապետը մաղթեց նրան քաջառողջ կյանքի օրհնյալ ընթացք և հաջողություններ հետագա իր ծառայության մեջ ի փառս Աստծո և ի պայծառություն Քրիստոսի Ս. Եկեղեցու:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Կաթոլիկ եկեղեցու հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ, Մայր Աթոռում գործող միջեկեղեցական կառույցների պաշտոնյաներ: