Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն: Հանձնախումբը, ատենապետությամբ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, քննելով ներկայացված թեզերը` արտոնեց դրանց բանավոր պաշտպանությունը:
Վարդապետական թեզեր էին ներկայացրել Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը («Զաքարյանները և Հայոց Եկեղեցին»), Տ. Նարեկ աբեղա Ավագյանը («Թաղման ծեսը ԺԶ-ԺԸ դարերում ըստ ձեռագիր և տպագիր «Մաշտոցների» և ժողովրդական սովորությունները»), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը («Սուրբ Գրիգոր Տաթևացու` յոթ խորհուրդների աստվածաբանությունը») և Արգենտինայի հայոց թեմից` Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը («Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և նրա տեղափոխությունները»):
Հավարտ բանավոր պաշտպանության` քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզերի բանավոր պաշտպանությանը և արժանի նկատեց Հոգեշնորհ Հայրերին մասնավոր վարդապետության աստիճանի տվչության: