Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Սահակ աբեղա Շաքարյանը` «Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմը» և Տ. Արիստակես աբեղա Այվազյանը` «Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու երկերը հայ մատենագրության մեջ» թեմաներով:
Հանձնաժողովը նախագահում էր Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկայում Տ. Սահակ աբեղա Շաքարյանը և Տ. Արիստակես աբեղա Այվազյանը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճաններ: