Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում

Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում 16.02.2012
Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում

Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Վարդանանց հերոսամարտին նվիրված հանդիսություն: Հանդիսությունը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի ուսանողության համատեղ ջանքերով:
Հանդիսության սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով շնորհավորեց բոլորին տոնի առիթով, ապա, խոսելով հայ ժողովրդի կյանքում տոնի նշանակության մասին, նշեց, որ այն խորհրդանիշն է մեր ժողովրդի պայքարի ու կյանքի հանդեպ սիրո, ինչպես նաև ապրելու ու արարելու ցանկության:

Ցերեկույթի մասնակիցներին Վարդանանց հերոսամարտի մասին բանախոսություն ներկայացրեց ճեմարանի և համալսարանի դասախոս` պատմ. •իտ. թեկ., պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը:
Հանդիսության ժամանակ հոգևոր և հայրենասիրական երգերով հանդես եկան Գևորգյան ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի երգչախմբերը: Առանձին ուսանողներ արտասանեցին նաև Սբ. Վարդանանց նվիրված բանաստեղծություններ:



Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումն իր հայրական պատգամով ու օրհնությամբ ամփոփեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Որ զմահ ոչ գիտէ` երկնչի ի մահուանէ, 
իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ 
(Եղիշե):

Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,
Հարգարժան ռեկտոր, հարգելի դասախոսներ,
Սիրելի ուսանողներ:

Ոսկեբարբառ Եղիշեի այս միտքն ենք ընտրել բնաբան Մեր խոսքին այսօր, երբ ուրախ և քաջալեր հոգով նշում ենք Վարդանանց` Քրիստոսի հազար երեսունվեց սուրբ վկաների տոնը: Չկա առավել նվիրական հիշատակ, որն այդչափ խանդավառի, ջերմացնի ու լուսավորի մեր հայ-քրիստոնյա ինքնությունը, որքան Վարդանանց տոնը: Ասում ենք ՙՎարդանանք՚, և հավատքն ու հայրենիքի պատկերը միահյուսված պայծառանում են մեր հոգիներում: Վարդանանց ոգին զարմանալի դյուրությամբ մեզ դարձնում է անվարան ու արի: Սուրբ Վարդանանց հետ յուրաքանչյուր հայորդի առանց երկմտանքի իր հոգում հավաստում և հանձն է առնում աննկուն մնալ վասն հավատքի և վասն հայրենյաց մարտահրավերների առջև: Սուրբ Վարդանանց հետ մեր հոգին լցվում է վստահությամբ, մեր կյանքը` լավատեսությամբ, և մենք հստակ տեսնում ենք ով ենք և դեպի ուր է մեր ճանապարհը:

Այսօր վերստին տոնի խորհրդով մենք ունկնդիր ենք Եղիշե մեծ պատմիչին, որ բոլոր դարերի համար բացահայտում է Վարդանանց սխրանքի ու Վարդանանց հաղթանակի ակունքն ու իմաստը գրելով` ՙով չգիտե ինչ է մահը վախենում է նրանից, իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում՚: Վարդանանց` Քրիստոսին ճանաչողների և ամբողջ սրտով ընդունողների համար մահը հոգին կորցնելն էր, մահը ուրանալն էր Քրիստոսին, Ով հավիտենական կյանք է պարգևել մեզ և Ում անվանը ծունր պիտի դնեն բոլոր երկնայինները և երկրայինները (հմմտ. Փիլ. Բ 10): Մեր հայրերը ընդդիմանալով պարսից գերազանցող ուժին և մահվան գնալով` մահը չէ, որ ընտրեցին, այլ` կյանքը, որ ունենք Քրիստոսով: Նրանք ռազմի դաշտ ելան պաշտպանելու իրենց հավատքը, դպրությունը, հայրենի սրբությունները, սրբազան հիշատակները, այն ամենը, ինչ ՙհայրենիք՚ ենք կոչում: Վարդանանց օրերին Հայաստանը կորցրել էր պետական անկախությունը, երկիրը բաժանված էր, բայց Հայաստան էր. Հայաստան էր մեկ ու միասնական լեզվով, գիր ու դպրությամբ, հավատքով, որ ազատ է պահում ազգի հոգին և զորացնում առ Աստված հույսով ու ապավինությամբ: Պատերազմ չէին ուզում մեր հայրերը և ամեն ջանք գործադրեցին պարսից հզոր տիրակալին հավատափոխության ծրագրից տարհամոզելու համար, քանզի գիտեին, որ իրենք Քրիստոսին չեն ուրանալու: Ամեն նեղության դիմացել էին` հալածանքներին, հարկերի ծանրությանը, պաշտոնազրկմանը, բայց ընդդիմացան հավատափոխության պարտադրանքին: Ընդդիմացան անվարան, քանզի քրիստոնեությունն ունեին ոչ իբրև հանդերձ, այլ` իբրև մաշկի գույն: Ընդդիմացան վստահությամբ, որ Քրիստոսի հետ պիտի ապրի ու կյանք ունենա հայ ժողովուրդը: Ավարայրում կանգնած էր Սահակ-Մեսրոպյան դպրոցի անդրանիկ սերունդը: Աշխարհական, թե հոգևորական չերկնչեցին մահից, քանզի գիտեին մահն իմացյալ և մարտնչում էին փրկելու համար հայոց ապագան, ազգի հավիտենական կյանքը: Մահվան գնալով հաղթեցին մահին, վանեցին թշնամուն, որ չկարողանա հայ կյանքից դուրս մղել Աստծուն, Սուրբ Եկեղեցին, առաքինազարդ հոգու զորությունը:

Այսօր մեր առջև հառնում են Վարդանանց պայծառ ու սիրելի կերպարները, առաքինությանց զորագլուխ Սուրբ Վարդանը: Նրանցից ոմանք ընկան մարտի դաշտում, ոմանք տարիներ անց հայրենիք վերադարձան բանտարգելության գերությունից: Անտեսելով փառք, բարօրություն, ապահովություն` նրանք մերժեցին իրենց պարտադրվող կեղծիքը և պաշտպանեցին մեր ժողովրդի` իր հավատքով, հայրենի արժեքներով, ազատ կյանքով ապրելու իրավունքը: Նրանք հաղթեցին, քանզի գիտեին, որ Աստծո հույսով իրենցից հետո 500, 1000, 1600 տարի անց ու միշտ հայ ժողովուրդը քրիստոնյա է լինելու:

1600-ամյա հեռավորությունից այսօր Վարդանանց սուրբ հիշատակի առջև Մեր աղոթքն է, որ հավատքի և հայրենյաց սիրո նրանց օրինակը ապրի մեր կյանքում և զորացնի մեզ մեր ժամանակի դժվարությունների ու հոգսերի մեջ, վճռելու մեր առջև հառնող խնդիրներն ու հրամայականները և իրագործելու մեր տեսիլքներն ու նպատակները: Այսօր չկա հավատքն ուրանալու պարտադրանք, սակայն հավատքը կարող է նահանջել անտարբերության, հայրենյաց ժառանգության հանդեպ նվազ նախանձախնդրության հետևանքով: Վարդանանց ոգին պիտի օգնի մեզ կյանքի բոլոր պարագաներում, փորձություններին ու դժվարություններին հանդիման պահպանելու ուղղամիտ, արդար ու ազնիվ դիրքորոշումը, մարդասեր հոգին, ազգին և Հայրենիքին ծառայելու նվիրումն ու նախանձախնդրությունը և անվարան հույսը առ Աստված, որով միշտ կգտնենք ճշմարիտ ուղիները և օրհնյալ հանգրվանները մեր կյանքի:

Սիրելիներ, այսօր Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ Վարդանանց հիշատակը ոգեկոչելու համար ճեմարանականների հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբվել են Երևանի պետական համալսարանի ուսանողները` ռեկտորի և դասախոսների առաջնորդությամբ: Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, գերաշնորհ Սրբազան, մեծարգո տիար Սիմոնյան, հարգարժան դասախոսներ, հիշատակի այս տոնը ուսանողության հետ կազմակերպելու համար, որով ճեմարանի նորակառույց այս հարկի ներքո թևածում են Վարդանանց քաջարի և անմահ հոգին:

Մեր հայցն է, որ Տերը զորացնի Հայրենի մեր երկիրը, պահպանի մեր ժողովրդին խաղաղ ու անվրդով, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին, մեր կրթօջախների առաքելությունը, շնորհազարդի ձեր միտքն ու հոգին, սիրելի ուսանողներ, որ լավագույն պատրաստությամբ, մաքուր հավատքով, Հայրենիքի հանդեպ սիրով ու նախանձախնդրությամբ ձեր նվիրումն ու ջանքերը բերեք հայրենական կյանքի բոլոր ասպարեզներում: Ձեզ հետ, ձեր կյանքով Վարդանանց հավատավոր ու հայրենասեր հոգին պիտի շարունակի ապրել և փոխանցվել սերունդներին, որպեսզի Ավարայրի դաշտից Վարդանի ձայնը միշտ ազդարարի հայոց հոգիներին` ՙթերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից՚: Մեր մաղթանքն է ձեզ, սիրելի ճեմարանականներ, որ պատրաստվեք իբրև առատ հունձքի արժանի մշակներ և շուտով համալրելով եկեղեցականաց ուխտյալ դասը, հովվեք Տիրոջ ժողովրդին: Պարտք ունենք առաջնորդել աշխարհասփյուռ մեր զավակներին դեպի հավատքով ու հայրենյաց սիրով ոռոգյալ հարենի ափեր, ուր չեն վախենում մահից, քանզի գիտեն ինչ է մահը և ինչ է կյանքը: Թող մեզ համար բարեխոս լինեն Սուրբ Վարդանանք, ովքեր դասակից են երկնային զորաց ՙանանցանելի ուրախության և անտրտում մխիթարության մեջ՚:

Սիրելիներ, այսօր անվանակոչության օրն է բոլոր նրանց, ովքեր անվանակից սուրբ չունեն: Վարդանանց պանծալի տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում Մեր բոլոր զավակներին, ում անվանակոչության օրն է այսօր:

Շնորհք, սէր և  խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն: