Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը:
Հավարտ Սբ. Պատարագի Վարդանանց խորհրդին անդրադարձավ պատարագիչ Հայր Սուրբը: Նշելով, որ Ավարայրի մարտը ընթանում էր հանուն հայ հավատի ու ոգու պահպանման, Հայր Մուրբն ասաց. «Մեր պատմության ընթացքում մենք բազմիցս կորցրել ենք մեր բոլոր պարիսպները` պետականություն, թագավորություն, հարստություն, տաճարներ, մեր լեզուն, բայց քանի որ կանգուն էր մեր միջնաբերդը` Հայ Առաքելական Եկեղեցին եւ մեր հավատքը, մենք վերստին կարողացել ենք կերտել մեր պարիսպները»:
Վարդանանց տոնին Հայ Եկեղեցին տոնում է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը: Այս առիթով Իջման Սբ© Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության եւ Նորին Սրբության քաջառողջության ու կենաց արեւշատության համար:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սաներ եւ բարեպաշտ հավատացյալներ:
Սբ. Պատարագից հետո Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սբ. Վարդանանց անմար հիշատակին: Բացման խոսք ասաց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը, ապա Վարդանանց նվիրված բանախոսությամբ հանդես եկավ բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը:
Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Անդրադառնալով Սրբոց Վարդանանց խորհրդին` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ այն սեր է առ Հայրենին եւ առ Երկնավոր մեր Տերը, հավատարմություն Հայրենիքին եւ հավատքին: Այդ խորհրդով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել է հայ ժողովուրդը, ապրել, արարել, մարտնչել ու պաշտպանել Հայրենին: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այդ խորհրդով ապրելը հրամայական է նաեւ մեր ժամանակների համար: Նորին Սրբությունը նշեց, որ սերն առ Հայրենին եւ սերն առ Աստված պիտի լինեն երաշխիքը մեր կյանքի բարօրության եւ ինչպես դարեր շարունակ, այնպես եւ այսօր պետք է ապահովեն հայ ժողովրդի լինելիությունը եւ ընթացքը դեպի նոր հազարամյակներ: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց ամենքին նմանվել սրբոց Վարդանանց, սեր դրսեւորել աշխատանքում, զորեղ լինել հավատքի մեջ եւ Վարդանանց պես նոր հաղթանակներ արձանագրել իրենց կյանքում:
Հանդիսության ընթացքում ասմունքով եւ գեղարվեստական կատարումներով ելույթ ունեցան Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի սաներն ու Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» համույթը: