Վարագա Ս. Խաչի տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ
Սեպտեմբերի 27-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը:
Տոնի կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Պատարագին ներկա էին Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, թեմակալ առաջնորդներ, Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ և պատվիրակություններ, Մայր Աթոռի բարերարներ, Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած բազմաթիվ ուխտավորներ:
Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձավ տոնի պատմությանը և խորհրդին` մասնավորաբար նշելով. «Այսօրվա տոնի պատգամը մեզ սովորեցնում է աղոթքի հարատևության, անկեղծ աղոթքի և այդ աղոթքի մեջ նպատակ դնելու, մեր անձերի փրկությունը փափագելու մասին: Մենք հաճախ մեր առօրյա աղոթքներից տրտնջում ենք, երբ Աստված ուշացնում է մեր փափագների կատարումը: Սակայն, մեր անձերի փրկությունը Տիրոջ շնորհն է` Աստծու պարգևը: Տեր Հիսուս խաչվեց մեր փրկության համար, քանի որ Աստված այդ կամեցավ, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, և մենք սերը Նրանով ճանաչեցինք… Քրիստոս Իր կյանքը զոհեց մեզ համար: Ե՞րբ է զոհողություն տեղի ունենում, երբ սեր կա… Ե՞րբ կարող է ընտանիքում զոհողություն երևալ, երբ սեր կա… Ե՞րբ կարող է անհատը կամ զինվորն իր անձը զոհել Հայրենիքի համար, երբ սեր լինի… Ե՞րբ Տիրոջ վկայության համար նահատակներ եղան, երբ մեր քրիստոնյա նախնիները հավատքի մեջ սիրով գործեցին ու ապրեցին: Հետևաբար, Տիրոջ խաչի խորհուրդն է, որ, երկինքն ու երկիրը միացնելով, կարելի է դարձնում Աստծու և մարդու հանդիպումը»:
Սրբազան Հայրը խոսեց նաև հայ ժողովրդի համար այս նվիրական տարվա և հատկապես 21-րդ դարում թվով երրորդ Մյոռօնօրհնության անցկացման կարևորության մասին` հավելելով. «Ամենքս պատմությամբ հարուստ օրեր ենք ապրում: Այդ նույն Վարագա լեռների տարածքներից հայրենազրկված մեր ժողովուրդը ոգեկոչում է մեր ժողովրդի պատմության, խաչելության էջերից մեկի` Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցը: Սակայն, մենք, ի վկայություն մեր ժողովրդի աղոթքի հարատևության, ի տես մեր տառապյալ հայորդյաց հարութենական հավատքի, կամքի ուժականություն վերագտանք` վերակերտելու ազատ ապրելու և արարելու մեր անմեռ իրավունքը: Մեր ժողվուրդը շարունակաբար ապացուցեց, որ խաչի անունը սեր է, իսկ սիրո անունը` Հարություն և վերածնունդ: Եկե՛ք, ուրեմն` նույն տոկունությամբ, հավատքի նույն զորությամբ, աղոթքի մեջ անցկացնենք այս պատրաստության ժամերը, որպեսզի Հայոց Հայրապետի երրորդ և պատմական Մյուռօնօրհնության այս արարողությունը Տիրոջ սուրբ Հոգու և առատաբուխ շնորհների հեղումը լինի մեր հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի վրա: Եկե՛ք աղոթենք, որ մեր սրբացած նահատակների բարեխոսությամբ և բարի հայացքի ներքո Տերը մեզ այդ շնորհն առատորեն պարգևի, և երկինքն ու երկիրը միավորող Ս. Խաչի նշանով Սրբալույս Մյուռոնի սրբացնող ուժը` իբրև կնիք հայության և դրոշմ երկնավոր անապական պարգևների, տարածվի մեր աղոթքի բոլոր տների վրա, ինչպես նաև` Սուրբ Խորանի սպասավորների ու հավատացյալների կյանքում»:
Ս. Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մյուռոնի կաթսայի առջև ասվեց նաև ձիթայուղի օրհնության վերջին աղոթքը:
Ավելի ուշ Սրբալույս Մյուռոնի կաթսան տեղափոխվեց Ս. Տրդատի Բաց Խորան, որտեղ էլ տեղի է ունենալու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը: