Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Պատարագ
Դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարելիցի կապակցությամբ բազմամարդ էր Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակը: Հավաքվել էին մարզային, քաղաքային իշխանությունների պաշտոնատար այրեր, մշակույթի եւ արվեստի գործիչներ, մեծաքանակ ուսանողություն եւ ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր իրենց հոգու պարտքն էին համարել այդ օրը նվիրել երկրաշարժի զոհերի հիշատակին:
Վանաձորցիները եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու եւ աղոթակիցը լինելու ահավոր երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ս. Պատարագին եւ հոգեհանգստյան արարողությանը մասնակից հոգեւոր դասին:
Հավարտ Ս. Պատարագի նահատակաց պուրակում տեղադրված երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Հոգեհանգստյան կարգից հետո մեկ րոպե լռությամբ հարգվեց երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետեւ ըստ կարգուպատշաճի խաչքարի մոտ զետեղվեց ծաղիկներ եւ ծաղկեպսակներ: Նմանատիպ հիշատակման արարողություն կատարվեց նաեւ Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում: