Վաղարշապատի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվեց Վազգեն Ա Վեհափառի անունով

Վաղարշապատի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվեց Վազգեն Ա Վեհափառի անունով 20.09.2008

Սեպտեմբերի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում Վաղարշապատի քաղաքի կենտրոնական Կիրովի նախկին փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջին Հայրապետի անունով:

Մինչ հուշաքարի բացումը Վաղարշապատի քաղաքապետ Գագիկ Ավագյանը շնորհավորեց քաղաքի բոլոր բնակիչներին հիշարժան օրվա առիթով` կարեւորելով լուսահոգի Վազգեն Ա Վեհափառի անվան փողոցի առկայությունը քաղաքում:

«Անգնահատելի է Էջմիածնի հոգեւոր ժառանգությունը, բայց իմ սերդակիցների համար այն հարստացել է եւս մեկ ուխտատեղիով` Վազգեն Առաջինի գերեզմանով: Պատմությունը դեռ երկար կխոսի Վազգեն Վեհափառի մասին, բայց մենք` քաղաքային իշխանություններս, պարտավոր ենք միշտ նորոգ ու բարետես պահել մեծ Հայի, մեծ Հոգեւորականի, մեր Հայրենասերի անունը կրող փողոցը», - նշեց նա իր խոսքում: Այնուհետեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Վաղարշաշատի քաղաքապետը բացեցին փողոցի վերակոչման հուշաքարը:

Ապա հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Վազգեն Ա հոգելույս Հայրապետի անվան փողոցի օրհնության արարողությունը, որից հետո ներկաներին իր Հայրապետական իր խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց հայրենի եւ Վաղարշապատի իշխանություններին փողոցի վերանվանման առիթով` շեշտելով Վազգեն Ա Վեհափառի բացառիկ դերակատարությունը մեր Եկեղեցու եւ Հայրենիքի շենացման գործում:

«Իրապես խնդություն է ոչ միայն Էջմիածին քաղաքում, ոչ միայն հայորդյաց հոգիներում, այլեւ երկնքի բարձունքներում, որտեղից այս պահին իրենց հայացքներն են ուղղել դեպի մեզ Հայոց 131 Հայրապետները եւ իրենց օրհնությունն են բերում Ձեզ, որ երախտագետ հոգիներով մեծարում եք Վազգեն Ա` մեր սիրելի Հայրապետի գործը եւ վաստակը: Հայոց մեծանուն Հայրապետներից մեկը եղավ Վազգեն Ա Կաթողիկոսը, ով գահակալեց խորհրդային տարիների բարդ ու դժվարին ժամանակներում: Անաստվածության գաղափարաբանության այդ ծանր տարիներին նա իմաստությամբ եւ խոհեմությամբ կարողացավ պաշտպանել ազգային մեր շահերը, շենացնել ու պայծառացնել մեր Եկեղեցին, առանձնակի պայծառաշուք դարձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպեսզի ազգի մեր զավակները հպարտության զգացումով շարունակեն ապրել ու կերտել իրենց Հայրենին: Հայոց Հայրապետն այդ դժվարին տարիներին կարողացավ իր հայրենասեր ու աստվածասեր ոգին փոխանցել մեր զավակներին, որպեսզի ազգս հայոց իր Մայր Հայրենիքում կարողանա ապրել սիրով առ Հայրենին, եւ հակառակ բոլոր ճնշումների եւ հետապնդումների, սիրել իր Եկեղեցին, բաց պահել այդ եկեղեցու փակ դռները, իր աղոթքը մշտական դարձնել եկեղեցու կամարների ներքո», - նշեց Նորին Սրբությունը:

Վեհափառ Հայրապետը նաեւ իր օրհնությունն փոխանցեց ներկաներին` մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությունը հովանի լինի նրանց վրա, ոգեւորի ու ներշնչի էջմիածինցիներին, նախանձախնդրությամբ ու պատվով լեցնի իրենց հոգիները` շեն ու բարեկարգ պահելու մեր հավատքի կենտրոնը` Միածնաէջ Մայր Աթոռը: Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին մնալ Տիրոջ սիրո մեջ, հայրենյաց սիրո մեջ եւ Աստուծո մշտական օրհնության ներքո:

Հանդիսությունն ավարտվեց Հայրապետական «Պահպանիչով»: