ՎԱՆԱՁՈՐԻ ՍԲ. ԳՐ. ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԸ ԶԱՐԴԱՐՎԵՑ ՀԱՅԱԶԳԻ ՍՐԲԵՐԻՆ ՊԱՏԿԵՐՈՂ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՈՎ

ՎԱՆԱՁՈՐԻ  ՍԲ. ԳՐ. ՆԱՐԵԿԱՑԻ  ԵԿԵՂԵՑՈՒ  ԽՈՐԱՆԸ  ԶԱՐԴԱՐՎԵՑ ՀԱՅԱԶԳԻ  ՍՐԲԵՐԻՆ  ՊԱՏԿԵՐՈՂ  ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՈՎ 14.11.2007

2005թ. կառուցված առաջնորդանիստ Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու պատմությունն աստիճանաբար մարմնավորվում է` ի հարկի կահավորվելով, զարդարվելով եւ համալրվելով առաջնորդանիստ եկեղեցուն վայել սպասքով, եկեղեցական պարագաներով, անհրաժեշտ մաս կազմող առաջնորդական գահավորակով եւ նստարաններով: Եկեղեցին էլ ավելի առինքնող եւ գրավիչ դարձավ սուրբ խորանի խորոչի որմնանկարներով: Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքների արդյունքում մեծանուն սրբի անունը կրող եկեղեցու սուրբ խորանը զարդարվեց գահին բազմած Հիսուս Քրիստոսի գրկաբաց բարձրադիր պատկերով, հայազգի սրբերի որմնանկարներով, նաեւ աջ եւ ձախ ավանդատների ճակատային մասում` Խաչելության եւ Համբարձման թեմաները պատկերող մեծադիր կտավներով:

Որմնանկարչությունը, որ գեղանկարչության վաղնջական շրջանի հայտնի ճյուղերից է, Հայաստանում տարածված է եղել դեռեւս քրիստոնեության հաստատման առաջին իսկ դարերից: Այդ ժամանակաշրջանում կառուցվող եկեղեցիները պատկերազարդվել են աստվածաշնչյան թեմաների որմնանկարներով:

Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վարդապետությամբ հաստատված եւ Ս. Թադեոս ու Ս. Բարթողոմեոս առաքյալների կողմից հիմնավորված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իր երկհազարամյա պատմության ընթացքում բազում հայազգի սուրբեր ունեցավ, սակայն մեր անկախացյալ Հայաստանում առաջին անգամ Վանաձորի առաջնորդանիստ Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու խորանն է, որ զարդարվեց հայազգի գրեթե բոլոր հանրահայտ սրբերի մեծածավալ որմնանկարներով` Թադեոս, Բարթողոմեոս առաքյալներից սկզբնավորվող սրբերի շարքը` համապատասխան հերթականությամբ ըստ ժամանակաշրջանների պատմական իրադարձությունները նշանավորող սրբերի պատկերներով (հռիփսիմեանց կույսեր, քրիստոնեության ընդունում, հայոց գրերի գյուտ, վարդանանք, հայրապետներ եւ թագավորներ):

Առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցին պատկերազարդվեց սուրբերի հիշատակը հավերժացնող ու հայ եկեղեցու պատմությունը անմահացնող արվեստի հրաշալի գործերով, որն իրականություն դարձավ Սեպուհ սրբազանի մտահղացմամբ եւ բարերարությամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի, գեներալ Լյովա Երանոսյանի, «Ա. Հակոբյան» ՍՊԸ տնօրեն Արթուր Հակոբյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, իսկ «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանի հովանավորությամբ «Խաչելություն» եւ «Լոռի» ռեստորանի տնօրեն Արտակ Ղազարյանի հովանավորությամբ «Համբարձում» կտավները: Աշխատանքներն իրականացվեցին երեւանաբնակ շնորհաշատ երիտասարդ նկարիչների կողմից` Լեւոն Զաքարյանի գլխավորությամբ, որոնք մասնագիտացել են մանրանկարչական արվեստում: Նախատեսվում է եկեղեցու պատկերազարդումների շարունակություն:

Կիրակի օրը` նոյեմբեր 11-ին, Վանաձորի Ս. Գր. Նարեկացի եկեղեցում Ս. Պատարագի ընթացքում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի, կատարվեց որմնանկարների բարերարների մասնավոր օրհնության կարգ: Սրբազան հայրն իր երախտիքի խոսքը հղեց բոլոր բարերարներին եւ նրանց հանձնեց շնորհակալագրեր ու որմնանկարները պատկերող նկարներ:

Թեմի հոգեւոր դասի եւ հավատացյալների անունից հայտնում ենք բոլոր բարերարներին մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը եւ մաղթում աստվածահաճո բազում գործերի իրականացում: