Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց սուրբ Ղեւոնդյանց քահանաների տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Ընծա քահանա Միրզոյանը (Սյունյաց թեմ): Պատարագին ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասավորող քահանաներ:

Սբ. Պատարագի ընթացքում խոսված իր քարոզում Տեր Հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը` անդրադառնալով Ղեւոնդյանց քահանաների պատգամին: «Սբ. Ղեւոնդյանց հիշատակն այսօր եւ միշտ մեզ համար կոչ է եւ հրավեր` հոգեպես սփոփվելու եւ նորոգվելու: Ղեւոնդյանց ոգու կրողն ու ներդրողը մենք ենք այսօր, հոգեւոր դաստիարակներ ու առաջնորդներ ենք մեր ժողովրդին, եւ ոչ միայն խոսքով, այլ մեր ողջ էությամբ, մեր կյանքի օրինակով, մեր առաքինի նկարագրով: Թող Աստված ուժ եւ կարողություն տա մեզ բոլորիս, որ մեր այդ հոգեւոր առաքելությունը միասնաբար տանենք, լինենք միշտ այնպես, որ մարդիկ մեզ նայելով` մեր խոսքերի միջով ոչ թե մեզ տեսնեն, այլ` Քրիստոսին, Լուսավորչին, Մեսրոպ Մաշտոցին, Ղեւոնդ Երեցին եւ բոլոր այն սրբերին ու հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհելու չդողացին, չերկյուղեցին, որպեսզի շատերին փրկեն, որպեսզի ազգի կյանքը շարունակվի եւ միշտ փառավոր լինի: Լինենք Աստծո հավատարիմ մշակներ, Աստծո տաճարներ լինենք, որպեսզի մեր ծառայությամբ ուժեղանա հոգեւոր լույսը մեր ժողովրդի կյանքում» ,- ասաց Տեր Ընծան իր խոսքում:

Տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ ավանդույթ դարձած` քահանայից ամենամյա հավաք: Ժողովը բացվեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով: Հընթացս ժողովի ներկայացվեցին զեկուցումներ «Քահանայական փորձառությունը աղանդավորների հետ հովվական աշխատանքում» թեմայի շրջանակներում: Բանախոսություններ ներկայացրեցին Տ. Վրթանես քահանա Բաղալյանը (Գուգարաց թեմ), Տ. Կյուրեղ քահանա Տալյանը (Կոտայքի թեմ), Տ. Վարուժան քահանա Տերտերյանը (Շիրակի թեմ), Տ. Գեւորգ քահանա Տեր-Բարսեղյանը (Գեղարքունյաց թեմ) եւ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը (Արագածոտնի թեմ), ովքեր անդրադարձան կրոնական տարբեր չարափառ հոսանքների հարող անձանց հետ հովվական աշխատանքի ընթացքին առնչություններին, արձանագրած հաջողություններին ու դժվարություններին: Ապա նյութի շուրջ տեղի ունեցավ քննարկում:

Քահանայից հավաքը եզրափակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ հերթական անգամ հոգեւորականությանը հնարավորություն է ընձեռվել համախմբվելու Մայր Աթոռում, միասնաբար աղոթելու եւ վերանորոգելու իրենց ուխտը, ինչպես նաեւ ունկնդիր լինելու միմյանց մտահոգող խնդիրներին, հաղորդ դառնալու միմյանց փորձառությանը: Անդրադառնալով օրվա նյութին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ «Կան կրոնական կազմակերպություններ, որոնք որ գործում են եւ իրենց քարոզչությամբ շարունակում են ավեր գործել` հեռացնելով մեր զավակներին իրենց ճշմարիտ հավատքից, եւ մենք, իբրեւ Եկեղեցի, չենք կարող անտարբեր լինել այս երեւույթի նկատմամբ` անկախ այն բանից, թե որքան է արդյունավետությունը նրանց աշխատանքի եւ կամ որքանով են նրանք հաջողում իրենց չար նպատակների ու չար գործունեության մեջ: Մենք պետք է շարունակենք մեր առաքելությունը` մեր զավակներին պահել Մայր Եկեղեցու հարկի ներքո եւ հովանու տակ: Սա է մեր հիմնական առաքելությունը»: Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց նաեւ հովվական առաքելության արդյունավետության մեջ կոչման ու նվիրումի առանցքային դերը. «Մեր աշխատանքի արդյունավետությունը, մեր գործունեության եւ առաքելության հաջողությունը կախված է յուրաքնչյուրիս նվիրյալ աշխատանքից, հավատավոր գործից, մեր ծառայության մեջ մեր ներդրած սիրուց: Որքան մենք ջանք ենք ներդնում մեր աշխատանքում, մեր առաքելության մեջ, այդքան էլ արդյունավետություն կունենանք: Եթե մենք դիտարկում ենք որպես պարտականություն ու պաշտոն հոգեւոր սպասավորությունը, հովվական ծառայությունը մեր կյանքում, բնականաբար արդյունքն էլ այդպիսին պիտի լինի: Բայց եթե նվիրում է, ամբողջական հանձնառություն է, Աստծո նկատմամբ ստանձնած պարտավորություն է, ուխտ է, բնականաբար ոչ մի դժվարություն չի կարող կասեցնել արդյունավետությունը մեր ծառայության մեջ»:

Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ տարեց տարի աճում է եկեղեցականների թիվը, թեմերը զորանում են, շենանում են եկեղեցիները, բնակավայրեր, համայնքներ ու քաղաքներ օժտվում են նոր եկեղեցիներով:

Վեհափառն իր գնահատանքը հայտնեց քահանայից դասին, որ նվիրումով ծառայություն է բերում հայ ժողովրդին, որպեսզի նա հավատարիմ մնա հայրերի հավատքին, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերի եւ ճշմարիտ քրիստոնյայի լիարժեք կյանքով ապրի: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին` իրենց նվիրյալ ջանքերի ու հանձնառությունների համար, ինչպես նաեւ Միքայել Սրբազանին` քահանայից հավաքն օգտակար եւ շահավետ կազմակերպելու համար:

Հավարտ իր խոսքի Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օրհնությունն ու օգնականությունը մաղթեց Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգեւոր մշակներին, որ Տիրոջ Աջը մշտապես հովանի լինի ու խանդավառի նրանց իրենց առաքելության մեջ ի փառս Աստծո եւ ի բարօրություն մեր ժողովրդի:

Վերջում տեղի ունեցավ շնորհաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, իրենց հովվական առաքելության մեջ ունեցած վաստակի համար իբրեւ պարգեւատրում, լանջախաչ ստացան տասնութ, ծաղկյա փիլոն կրելու իրավունք` երեք եւ ավագ քահանայության պատիվ` երեք քահանաներ: Ապա ամենքը մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

Քահանայից հավաքը կշարունակվի նաեւ հունվարի 30-ին: