Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց սուրբ Ղեւոնդյանց քահանաների տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Սբ. Պատարագի ընթացքում խոսված իր քարոզում Տեր Հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը` անդրադառնալով Ղեւոնդյանց քահանաների հոգեւոր սխրանքին: «Չկան այսօր այնպիսի ահասարսուռ պատերազմներ, կենաց մահու կռիվներ, ինչպիսին Ավարայրի դաշտն էր, սակայն դա չի նշանակում, որ սրբոց Ղեւոնդյանց պատգամն այսօր չի կարող գործել: Սրբոց Ղեւոնդյանց պատգամը միայն ու միայն պատերազմի դուրս գալու համար չէ, առհասարակ կյանքի ցանկացած ոլորտում մենք պետք է այդ նույն հավատքով հաղթանակներ տանենք` սկսյալ մեր ընտանիքից, մեր միջավայրից, քաղաքից եւ մեր համազգային բոլոր տեսակի խնդիրներից» ,- նշեց Տեր Պարույրն իր խոսքում: Տեր Հայրը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որ դարեր շարունակ պահապան եւ զորավիգ է եղել հայրենի երկրին եւ հայ ժողովրդին, այսօր եւս նույն վճռականությամբ ու հավատքով կանգնած է` զորացնելու մեր Հայրենիքը եւ քարոզելու ու հավատքի մեջ զորացնելու մեր ժողովուրդին:
«Հայ հոգեւորականությունը տարավ քաջության հաղթանակ եւ այդ հաղթանակով կերտվեց հայ հոգեւոր դասի դեմքը եւ դիմագիծը: Ինչքան էլ որ լինեն նեղություններ, դժվարություններ, արտաքին հարվածներ եւ ներգործություններ, այնուամենայնիվ, հայ հոգեւորականությունը պիտի հաստատուն եւ անփոփոխ մնա, որովհետեւ մշտապես հավատարիմ է Քրիստոսի խոսքին եւ նույն ուղղափառ դավանությամբ, եթե անգամ հարկ լինի, պիտի խաչակից դառնա Քրիստոսին»,- ասաց արժանապատիվ Տեր Հայրը: