Սրբոց Թարգմանչաց տոնը Օշականում
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հադիսապետությամբ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Սրբազան արարողության ընթացքում Սահակ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Ս. Թարգմանչաց տոնի խորհրդին եւ մեծանուն թարգմանիչների ունեցած կարեւոր դերակատարությանը Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի կյանքում: «Հայ գրականությունը, հայ կրոնը, հայ հավատքը եւ Հայ Եկեղեցին եղան մեր հոգեւոր, բարոյական այն պարարտ հողը, որոնց շնորհիվ մենք դարերի ընթացքում կարողացանք դիմանալ բազում փորձությունների: Եվ այս հիշարժան իրադարձությունը կատարվեց մեր թարգմանիչ վարդապետների շնորհիվ, ուստի նրանց հիշատակը մենք միշտ թարմ ենք պահում եւ նրանց գործն անմահացնելու ձեւեր գտնում: Հայությունն այսօր իր կորցրած հոգին պետք է վերստին գտնի, իսկ դա քրիստոնեության հոգին է, որ առկա է Սուրբ Գրքի մեջ: Հետեւաբար մենք պետք է մեր արժեքները` բարոյական արժեքները, վերագտնենք եւ նրանց վրա հենվենք: Սուրբ Գիրքն էլ պետք է ամենքիս տները մուտք գործի եւ կարդացվի, եւ այս ուղղությամբ միայն եկեղեցականները չէ, այլ ամբողջ հավատացյալ ժողովուրդը պարտականություն ունի Սուրբ Գիրքը տնային դարձնելու, այն մեր տան կառույցներից մեկը դարձնելու, որպեսզի Տիրոջ կենդանի խոսքը սյունը դառնա նաեւ մեր ընտանեկան կյանքի»,- նշեց Սրբազան Հայրն իր ոգեշունչ քարոզում:
Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նոր Նորքի եւ Էջմիածնի հայորդյաց տան սաները:
Ս. Թարգմանչաց տոնի առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս էր բերվել 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), եւ բազում ուխտավոր հայորդիների հնարավորություն ընձեռվեց համբուրելու այն եւ օրհնություն ստանալու հրաշագործ այդ Ավետարանից:
Ս. Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ եւ բազմաթիվ ուխտավոր հայորդիներ: