«Սրբալույս մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես-վաճառք, որի հասույթն ուղղվելու է ի նպաստ սիրիահայության կարիքների:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Նկարիչների միության համատեղ ջանքերով: Ներկայացված են հոգևոր թեմատիկայով հայ ժամանակակից արվեստի շուրջ 40 ստեղծագործություններ` քանդակներ և գեղանկարներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մյուռոնօրհնության խաչքավոր տիար Հայկ Տիտիզյանը և Տիտիզյան ընտանիքի անդամներ, Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, բարերարներ և ուխտավորներ հայորդիներ:
Բացման արարողությանը կատարումներով հանդես եկավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը` խմբավարությամբ Վահե Բեգոյանի: