Սրբադասման հանձնախմբի հանդիպումն Անթիլիասում
Հունվարի 27-29-ը` Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի հանդիպումը: Ժողովից առաջ Սրբադասման հանձնախմբի անդամները հանդիպեցին Արամ Ա Վեհափառի հետ` ստանալով նրա հայրական օրհնությունը և գնահատանքը հանձնախմբի կատարած աշխատանքների համար:
Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով և «Հոգւոց» արտասանվեց Ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար: Ժողովին մասնակցում էին Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տ. Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը, Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը և Տ. Վահրիճ աբեղա Ղարախանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին և որոշումներ կայացվեցին սրբադասման պայմանների, կարգի, Ցեղասպանության նահատակներին նվիրված շարականի կանոնի, ծիսական հիշատակության կարգի և թվականի, նրանց մասունքների և սրբապատկերի պատրաստման վերաբերյալ: Ժողովը հստակեցրեց նաև աշխատանքների կատարման ժամանակացույցը` 2015 թ. սրբադասման ամբողջ գործընթացն ավարտին հասցնելու համար: Այս ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Հանդիպումն ավարտվեց աղոթքով և «Պահպանիչ»-ով:
Սրբադասման հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-30-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: