Ստորագրվեց համաձայնագիր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սանկտ-Պետերբուրգի Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի միջեւ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ համագործակցության հիմքեր դրվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի Ս.Ալեքսանդր Նևսկու անվան Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև:
Սեպտեմբերի 25-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ.Գևորգ վարդապետ Սարոյանի և Ռուս Ուղղափառ հոգևոր ակադեմիայի ռեկտոր Ամվրոսիյ եպիսկոպոս Գատչինսկու կողմից երկու հաստատությունների միջև միջբուհական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրվեց: Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ընթացքում Տ.Գևորգ վարդապետ Սարոյանը մասնակցեց նաև Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի նորոգված գրադարանի բացման արարողությանը, որը նվիրված էր երկու կրթական հաստատությունների բարեկամությանը:Գրադարանի նորոգությունը կատարվել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանի օգնությամբ: Մեկ տարի առաջ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ սկսեց գործել ռուսերեն լեզվի կատարելագործման լսարանը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ կնքվում է համաձայնագիր երկու կրթօջախների միջև համագործակցության լայն շրջանականերով:Համաձայանգիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Տեղի կունենան նաև ուսանողների և դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրումներ:
ՙԱյս համագործակցությունը խոսում է մեր երկու Եկեղեցիների միջև բարեկամական կապի մասին, որն առավել սերտ ու ջերմ հարաբերությունների առիթ կտա: Պետերբուրգի համայնքը դեռևս Տ.Եզրաս աբեղա Ներսիսյանի հովվության տարիներից սկսած հոգածու ուշադրությամբ է վերաբերվել Հայ Եկեղեցու հոգևոր կրթօջախների գործունեությանը և մշտապես աջակցություն ցուցաբերել հոգևորականների պատրաստման գործընթացին: Այս գեղեցիկ ավանդության շարունակությունը դարձավ համաձայնագրի ստորագումը:
Համագործակցությունը նաև միմյանց խորապես ճանաչելու հնարավորություն է տալիս: Ոչ միայն մեր սաները կուսանեն Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր կրթարաններում, այլ նաև նրանք կգան մեզ մոտ ուսանելու՚, - բարձր գնահատելով համաձայնության ձեռքբերումը` ասաց Տ.Գևորգ վարդապետ Սարոյանը:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան