Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ Վազգեն Ա Վեհափառի ծննդյան 100-ամյակի առիթով
Սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառի ծննդյան 100-ամյակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
«Հայր մերից» առաջ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ունեցած բացառիկ դերակատարությանը, ով խորհրդային անաստվածության տարիներին ոչ միայն կարողացավ դիմագրավել բոլոր փորձությունները եւ դժվարությունները, այլ նաեւ շենացրեց ու պայծառացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր իմաստուն Հայրապետության օրոք կարողացավ ջերմ հարաբերություններ հաստատել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ եւ արժեւորել Հայ Եկեղեցու դերը Քրիստոսի Եկեղեցու կյանքում, նրա շնչով դաստիարակվեց հոգեւորականաց մի ամբողջ սերունդ, ով այսօր շարունակում է իրականացնել Վազգեն Ա Հայրապետի երազներն ու չիրականացած բազում ծրագրերը: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Վազգեն Առաջինը ծառայեց Աստծուն` իր ազգին եւ Եկեղեցուն անմնացորդ ծառայելու միջոցով:
«Ես ուրախ եմ, որ զավակն եմ այնպիսի մի Հայրապետի, ինչպիսին Վազգեն Ա Հայրապետն էր: Ես վստահ եմ, որ նա այսօր երկնքի արքայության մեջ նայում է մեզ վերեւից եւ հրճվում, ուրախանում, հոգեկան բավարարություն ստանում ոչ թե նրա համար, որ մենք այսօր հավաքվել ու պատվում ենք իրեն եւ այս օրերին ինչպես Հայ Եկեղեցին, այնպես էլ ՀՀ իշխանությունները պատվում են նրան, նրա անունով դպրոցներ հաստատում, հանդիսություններ անում, այլ նրա հոգին հրճվում է, որովհետեւ տեսնում է, որ այսօր Հայ Եկեղեցին ամուր եւ անսասան կերպով շարունակում է ճիշտ այն ուղղությունը, որ գծեց եւ ապահովեց երջանկահիշատակ Հայրապետը», - նշեց Եզնիկ Սրբազանն իր քարոզում: Քարոզի վերջում Սրբազան Հայրը հորդորեց ներկաներին շնորհակալություն հայտնել Աստծուն մեր ժողովրդին Վազգեն Ա Վեհափառի նման Հայրապետներ պարգեւելու համար:
Սուրբ Պատարագից հետո հոգելույս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի մոտ նախագահությամբ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կատարվեց հոգեհանգստյան արարողություն: