Սուրբ Պատարագ եւ Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով
Հունվարի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Բանակի օրվա եւ Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:
Սրբազան
արարողությանը ներկա էին Հայոց Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը` գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, զինվորներ եւ բարեպաշտ հավատացյալներ:Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց Հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության եւ Հայոց բանակի առավել զորացման համար:
Մասնավոր այս աղոթքի արարողությունից առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց գերաշնորհ Արարատ Սրբազանը` մասնավորապես նշելով. «Հետադարձ հայացք նետենք եւ շուրջ քսան տարիներ հետ գնալով` փորձենք այդ պահի մեջ մտածել մի բանակի մասին, որ պիտի կոչվեր հայկական բանակ: Մեզ առնվազն կանվանեին խենթեր եւ երազապաշտ արարածներ...: Այսօր, սակայն, այդ «խենթերը» ցնծում են եւ ուրախանում, որովհետեւ ստեղծվեց հայոց բանակը, ծնունդ առավ տասնհինգ տարիներ առաջ եւ իր մանուկ հասակից իսկ վաստակեց այնպիսի հերոսական համբավ, որ ճշմարտացիորեն այն կարելի է անվանել «Րաֆֆու խենթերի բանակ»: Այսօր, երբ նայում ենք անցյալին, ամենայն հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ մեր բանակն իր սխրագործություններով, նահատակներով, մարտիրոսներով ու ֆիդայիններով ականջալուր է եղել ու հետեւել Վարդանանց քաջամարտիկ զորավար Վարդան Մամիկոնյանի պատգամին. «Ով իմ քաջ նիզակակիցներ, մեր քաջության հետ վատություն եւ վախկոտություն չխառնենք»:
Հավարտ Սուրբ Պատարագի հայոց բանակի բոլոր հրամանատարներին ու զինվորներին իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ նրանք առավել զորանան եւ կարողանան իրենց ծառայությունը փառքով ու պատվով կատարել Հայրենիքի ու մեր ժողովրդի նկատմամբ: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաեւ կոչ արեց բարեպաշտ հայորդիներին իրենց աղոթքը հանապազ առ Աստված բարձրացնելու` հայցելով Հայոց երկրին խաղաղություն, բանակին զորություն ու ամրություն եւ համայն հայ ժողովրդին` Աստծո անսպառ օրհնություն:
Սբ. Պատարագից հետո Հայրապետական թափորը եւ բանակի սպայական կազմը ուղղվեցին դեպի Վեհարան, ուր տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Ընդունելության ընթացքին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին եւ ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին: