Սուրբ Պատարագ եւ Հանրապետական մաղթանք ՀՀ Անկախության տոնի առիթով

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Սբ. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Պատարագի ընթացքին կատարվեց Հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անսասանության ու բարօրության համար: Մինչ մաղթանքը Հայրապետական իր շնորհավորական ուղերձը ներկաներին եւ համայն հայությանն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ տիար Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ տիար Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, բարձրաստիճան պետական այրեր, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:

* * *

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

(Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 21 սեպտեմբերի, 2008 թ.)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ

Օրհներգությամբ, խնդությամբ ու մաղթանքով է լեցուն այսօր Հայ Եկեղեցին Հայոց պետականության վերականգնման պանծալի տարեդարձի առիթով: Մեր բոլոր եկեղեցիներում, ինչպես քաղաքամայր Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նվիրական կամարների ներքո այս պահին, Հանրապետական մաղթանքի արարողությամբ միասնական աղոթք ենք բարձրացնում երկինք` հանուն Հայաստանի Հանրապետության, մեր Հայրենիքի ազատ, շեն ու բարգավաճ կյանքի եւ լուսավոր գալիքի:

Անկախության Օրվա տոնական խորհրդով, Հայրապետական օրհնությամբ ջերմորեն ողջունում եւ Մեր շնորհավորանքներն ենք բերում սրբազան պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Բակո Սահակյանին, պետական պատվարժան այրերին, Հայաստանում Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին եւ համայն հավատավոր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

Հայոց պետականության համար Հայ Եկեղեցին միշտ աղոթող է եղել: Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ, հայրենական ավանդների ու հիշատակների ուսուցմամբ Հայոց Եկեղեցին սնուցել ու խնամել է ազատության սերը իր զավակների սրտերում: Ջանացել է ապահով ուղիներով առաջնորդել ժողովրդին, պահպանել եւ հոգալ նրա անվտանգության մասին պետականության բացակայության դժվարին ժամանակներում` միշտ աղոթելով, որ Աստված մեր ժողովրդին ազատ կյանք տա, անկախություն պարգեւի եւ պետականություն շնորհի:

Բոլոր ժողովուրդների կյանքում մեծագույն իրադարձություն է անկախ պետականության հռչակումը, քանզի անկախությունն ազդարարում է աստվածաշնորհ ազատության անմերժելի իրավունքը եւ հաստատում ազատ ապրելու կամքը ազգերի: Ի գին մեծ պայքարի ենք ձեռք բերել մեր տասնյոթամյա անկախությունն ու ազատությունը, աշխարհասփյուռ համայն հայության զոհողություններով եւ անմնացորդ ջանքերով: Այսօր վերարժեւորելով մեր ժողովրդի մաքառումներն ու զոհաբերությունները` նույն միահամուռ ջանքերով պիտի նախանձախնդիր լինենք հայրենի պետության ապահովության եւ առաջընթացի համար` հաղթահարելով ներկա նեղություններն ու դժվարությունները: Մեզ է վիճակված այսօր հոգալ ազատ եւ անկախ Հայաստանի ներկայի եւ գալիքի համար: Մեր պետության զորացման, առաջընթացի ու բարօրության համար մեր ուղին կրկին պայքար պիտի լինի` խաղաղ կյանքի պայքար` աշխատանքով, արարումով, հոգեւոր զարթոնքով, արվեստի, գիտության եւ մշակույթի զարգացումով, որոնցով մշտապես ճանաչելի է եղել մեր ժողովուրդը:

Անկախության օրվա նվիրական խորհրդով հանապազոր զորանանք հավատով, տոգորվենք հաստատուն կամքով եւ միմյանց հանդեպ սիրով, առ հայրենին որդիական նվիրումով մեկտեղենք մեր ուժերը, մեր եռանդն ու ջանքերը, կյանքի կոչենք նորանոր գրո հիշատակի արժանի գործեր, որպեսզի մեր Հայրենիքը լցվի շենությամբ ու նորոգվի պայծառությամբ` միշտ լինելով ու մնալով հույսն ու ապավենը աշխարհասփյուռ համայն հայության:

Աղոթենք մեր Հայրենիքի ազատության եւ անկախության համար, իրենց կյանքը վասն հայրենյաց զոհաբերած մեր ժողովրդի արի զավակների հոգիների համար, որ հանգչեն երկնային բարձունքներում խաղաղության մեջ, երանության մեջ: Աղոթենք, որ Շնորհաց Պարգեւողն Աստված ունկնդիր լինի մեր միասնական հայցին, զորացնի մեզ մեր առաքելության մեջ եւ օրհնի մեր ջանքերը, օրհնի ջանքերը հայրենի իշխանությանց` գլխավորությամբ ՀՀ Նախագահի: Թող Տերը Իր Ամենակարող Սուրբ Աջի հովանու ներքո անսայթաք առաջնորդի մեր ժողովրդին դեպի արդար հույսերի մարմնավորում, միշտ դեպի խաղաղ, բարօր, ուրախաբեր հանգրվաններ:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ, ընդ ամենեսեան. ամէն: