Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով
Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն,մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:
Արարողության ընթացքում Վրթանես Սրբազանը հավուր պատշաճի ներկայացրեց հայոց բանակի կարեւորությունն ու դերը մեր պետականության պահպանման եւ ամրապնդման գործում: Սրբազան հայրն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ցանկացած երկրի զորությունը, խաղաղությունը հաստատողն ու ամրապնդողը բանակն է: Քանի դեռ երկրի վրա տիեզերածավալ խաղաղություն եւ մարդկանց միջեւ հաճություն չի հաստատվել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետությունների ներքին անդորրն ապահովելու համար:
… Աղանդների մի ամբողջ շարք քարոզում է հեռու մնալ զենքից եւ կոչ անում զենքի չդիմել` թշնամու կողմից մեր երկրի ու ընտանիքների պղծվելու դեպքում անգամ: Դրա փոխարեն հայ եկեղեցականը, ինչպես պատմության ոլորապտույտներում, այնպես էլ այսօր մի կողմից իր գործնական լուման է բերում երկրի պաշտպանության գործին` ծառայելով բանակում եւ իր բարոյական զորակցությունը ցույց տալով զինվորին, մյուս կողմից` եկեղեցում աղոթք բարձրացնելով հայ զորականի եւ զորավարի անսասանության եւ ուժականության համար»:Ս. Պատարագից հետո տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց ներկաներին: «Գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել, որ ամեն տարի բանակի օրվա կապակցությամբ Հայոց բանակի հրամանատարական կազմը, գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` իր աղոթքն առ Աստված բարձրացնելու եւ իր ուխտը Սուրբ սեղանի առջեւ կատարելու հավատավոր հայ զավակների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ: Աղոթելու եւ հայցելու, որ Տերն անսասան պահի Հայաստան երկիրը եւ հզոր ու հաղթական հայոց բանակը:
Հայրենիքը հայոց նվիրական սուրբ հողն է` դարերի պատմությամբ նվիրագործված, մեր հայրերի ու զավակների սուրբ արյունով նվիրագործված: Հայրենիքը նաեւ մեր մշակույթն է, մեր հոգեւոր արժեքները, մեր եկեղեցին, հայոց ընտանիքն ու հայ մարդը, որի պաշտպանությանը կոչված է ծառայելու հայոց բանակը: Ահա թե ինչու մենք նվիրական պարտք ենք համարում հանապազօրյա աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի բանակը միշտ լինի զորեղ ու հաղթական» - նշեց Վեհափառ Հայրապետը:
Այնուհետեւ Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով պարգեւատրեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, փոխնախարար գնդապետ Դ. Տոնոյանին եւ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովին: