Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով
Ավանդույթի համաձայն, հունվարի 27-ին, Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Արարողության ընթացքում Մարկոս Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով հայոց մարտունակ բանակի կարեւորությանը մեր պետականության պահպանման եւ ամրապնդման գործում:
«Մեր բանակն ամբողջությամբ ծառայություն է հայրենյաց, հոգեւոր, ազգային բարձր արժեքներին: Եվ, իհարկե, այդ ծառայությունն իրենից զոհողություն է պահանջում, որը խարսխված է գիտակցված զոհողության եւ սիրո վրա: Եվ եթե այդ զոհողությունը չլիներ, չէր կայանա եւ ոչինչ: Եթե չլիներ բոլորանվեր սերը, ապա ոչ մի ձեռքբերում մեր կյանքում չէր լինի, ամեն ինչ կդառնար ձեւական, եւ մենք չէինք ունենա մեր արժեքներով ուրախանալու եւ ապրելու երջանիկ հնարավորությունը: …Ուզում ենք, որ առավել զորանա հայոց պետականությունը եւ նրա անառիկ սահմանները պահող հայոց բանակը` ի սպասավորություն այն բարձր արժեքների, որոնց համար մեր նախնիները չեն խնայել ամենաթանկը` կյանքը, քանզի արյան գնով են ստեղծել եւ պահել այդ ամենը»,- նշեց Սրբազան Հայրը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:
Ս. Պատարագից հետո Դիվանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, շնորհավորելով ներկաներին առաջիկա տոնի առիթով, ամենքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները: Այս առիթով շնորհավորական խոսք ասաց նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: