Սուրբ Մյուռոնի 40-օրյա աղոթքը
2008 թվականի օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ սկիզբ դրվեց 40 օրյա աղոթքի արարողությանը, որը կավարտվի այս տարվա սեպտեմբերի 28-Ին Սուրբ Մյուռոնի օրհնությամբ:
Քառասուն օր շարունակ Մայր Տաճարում երեկոյան ժամերգությունից հետո աղոթքի արարողություն է կատարվում սաղմոսներով, շարականներով« աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով:
Նախորդ երեկոյան ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում: Մաքուր ձիթայուղը մեկն է երեք գլխավոր բաղադրիչներից, որոնց հետ խառնում են բազմաթիվ հավելյալ հոտավետ և ծաղկային նյութեր, որոնք օրհնվելով դառնում են Սուրբ Մյուռոն: Հայ Առաքելական եկեղեցու հնագույն կանոնների համաձայն հաջորդ 39 օրերի ընթացքում Սբ. Էջմիածնի միաբանները հետեւում են միեւնույն արարողակարգին:
40-օրյա շրջանը սկսվեց Նորին Սրբության Խորան բարձրանալով եւ Սուրբ Մարկոսի Ավետարանի ընթերցումով: Այնուհետեւ Կաթողիկոսը կարդաց Սուրբ Մյուռոնի օրհնությանը նվիրված հատուկ աղոթքը: Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալ ժողովրդին իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված` պատրաստվելով սեպտեմբերի 28-ի կիրակիին, որը նաեւ Վարագա Սուրբ Խաչի տոնն է:
Սրբալույս Մյուռոնի պատրաստության այս 40 օրերի ընթացքում Հայ Եկեղեցու հավատացյալները հրավիրված են մասնակից դառնալու առ Աստված հղվող աղոթքներին, քանզի Սուրբ Մյուռոնը օգտագործվում է Հայաստանյաց եւ Սփյուռքի բոլոր եկեղեցիներում: